Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 67-րդ ցուցահանդես-տոնավաճառին
КультураՖրանկֆուրտի՝ գրական աշխարհում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ տոնավաճառին Հայաստանի ավանդական դարձած մասնակցությունն այս տարի ուղիղ համատեքստով կապված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 14-18-ը ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանը ներկայացել է իր առանձին տաղավարով, որն ամբողջությամբ խորհրդանշական ձևավորում է ունեցել:
Ցուցահանդեսում ներկայացված են եղել վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում, մասնավորապես, Գերմանիայում, այդ թվում՝ ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 400 անուն գրքեր:
Այցելուների ուշադրության կենտրոնում է եղել հատկապես տաղավարի առանձին հատվածում ցուցադրված Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գրականությունը:
Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Ցեղասպանության թեմայով հրատարակված գերմանալեզու գրքերի շնորհանդես. ներկայացվել են Միհրան Դաբաղի և Քրիստին Փլաթի համահեղինակած «Կորուստ և կտակ. հիշում են ցեղասպանությունը վերապրածները», Ռոլֆ Հոսֆլդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին Պապական գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերով», Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման մեջ » աշխատությունները, որոնք ներկայացրել են գրքերի հեղինակները: Շնորհանդեսին ներկա է եղել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Շնորհանդեսի լսարանը լի է եղել թեմայով հետաքրքրված այցելուներով, որոնք եկել էին տեղեկանալու պատմության լեզվով խոսող մտավորականների արդարացի պահանջին:
Շնորհանդեսի գերմանախոս մասնակիցները նվեր են ստացել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Հողը կը խօսի» եղեռնազոհ հայ գրողների գերմաներեն ժողովածուի օրինակներ:
Հայկական պատվիրակության կազմում են եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ», «Բուկինիստ» հրատարակչությունների, «Առաջին գրական գործակալության» ղեկավարները և այլք:
Արտերկրի հրատարակիչների հետ գործնական հանդիպումներում հնարավոր համագործակցության առանցքում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները, ինչի առնչությամբ համագործակցության բազմապիսի պայմանանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք գրական կազմակերպությունների հետ:
Տոնավաճառի ավարտից հետո ներկայացված գրքերի մի մասը ՀՀ մշակույթի նախարարությունը նվիրել է Ֆրանկֆուրտի հայ համայնքի գրադարանին:
ՀՀ մշակույթի նախարարության վարած գրատարածման, հայ գրականությունն արտերկրում ավելի ճանաչելի և ընկալելի դարձնելու քաղաքականությունը դրսևորվում է միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառներում, որոնց 2015 թվականին մեր երկրի մասնակցությունն աննախադեպ էր: