Հայաստանը կշարունակի նպաստ բերել ցեղասպանության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը
ОбществоՀայաստանը մտադիր է շարունակել նպաստ բերել մարդկության դեմ դաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստանը երախտապարտ է այն բազում տասնյակ երկրներին, որոնք միացան մեր նախաձեռնություններին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր վեհաժողովում՝ աջակցելով և հնարավոր դարձնելով համապատասխան փաստաթղթերի ընդունումը՝ հռչակելով դեկտեմբերի 9-ը, որպես բոլոր որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի և այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օր: Մենք մտադիր ենք շարունակել նման նախաձեռնությունները և նպաստել այդ դաժան հանցագործության բոլոր դրսևորումների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ ասաց Նախագահ Սարգսյանը:
Նա նշեց, որ 2015 թվականը Հայաստանի ժողովրդի համար խորհրդանշական է իր նորագույն պատմության երկու կարևորագույն իրադարձություններով. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Երկուսի հիմնական ուղերձն է՝ չմոռանալ մարդկային ողբերգությունները, դիմադրել պատմության վերանայման փորձերին և անցյալից դասեր քաղել՝ մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու նպատակով: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում անցկացվեցին «Հիշում եմ և պահա նջում» կարգախոսի ներքո: Այդ միջոցառումների ամենակարևոր հենասյուներից մեկը դարձավ Հայաստանի ձգտումը` իր ներդրումն ունենալու ցեղասպանութան հանցագործության դեմ միջազգային պայքարի գործում»,- հավելեց Նախագահ Սարգսյանը:
Նախագահը հիշեցրեց, որ ապրիլին Երևանում կայացել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովը՝ հայտնի քաղաքական գործիչների, առաջատար գիտնականների և փորձագետների մասնակցությամբ՝ հավելելով, որ Հայաստանը մտադիր է համաժողովին տալ պարբերական բնույթ և այն դարձնել կարևոր միջազգային հարթակ ցեղասպանական հանցագործությունների դեմ պայքարի համար:
Հանրապետության ղեկավարի խոսքով՝ այդ հարցում կարևոր դեր է տրվում փորձագիտական հանրությանը, որի օբյեկտիվ գիտական հետազոտությունների շնորհիվ տրվում են այդ չարաբաստիկ հանցագործության իրավական, բարոյական ու քաղաքական գնահատականներ, և բարձրանում է միջազգային հանրության իրազեկության մակարդակը: «Այդ պատճառով մենք սկսել ենք սերտ համագործակցել գիտնական-ցեղասպանագետների Միջազգային ասոցիացիայի հետ և Հայաստանում ընդունեցինք նրանց 12-րդ համաշխարհային կոնգրեսը»,- եզրափակեց Նախագահը: