Ճապոնիայի դեսպանը հայ- ճապոնական ցուցահանդեսը բացեց հայերեն ողջույնի ուղերձով
КультураՇարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մեկնարկած և երեք տասնյակից ավելի հայ և ճապոնացի արվեստագետների աշխատանքները համադրող «Ավանդույթից արդիականություն» խորագիրը կրող ցուցահանդեսը բացվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հայերեն ողջույնի խոսքով:
«Ուրախ եմ, որ կազմակերպվել է այսպիսի ցուցահանդես, որին մասնակցում են և ճապոնացի, և հայ նկարիչներ: Շնորհակալություն ցուցահանդեսի կազմակերպիչներին: Այս տարի հունվարին Երևանում բացվեց Ճապոնիայի դեսպանությունը:
Հետագայում մենք կփորձենք ավելի շատ մշակութային միջոցառումներ կազմակերպել, որպեսզի էլ ավելի զարգացնենք Ճապոնիայի և Հայաստանի միջև առկա հարաբերություններն ու մշակութային փոխանակումները»,- նշեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:
Ցուցահանդեսը նախաձեռնել է հայ-ճապոնական «Էյբիք» կազմակերպությունը` համագործակցելով Ճապոնիայի «Գալերիա Գինձա Ի Չոմե» ցուցասրահի հետ:
«Ավանդույթից արդիականություն» խորագրով ցուցահանդեսի կազմակերպիչ Վարդիթեր Հարությունյանը տեղեկացրեց, որ նմանատիպ միջոցառումներ հաճախակի են կազմակերպվում:
«Մարտին նմանատիպ ցուցահանդես ենք ունեցել Ճապոնիայում, մասնակցել է 100 ճապոնացի, 22 հայ արվեստագետ: Այս անգամ ներկայացված են 21 ճապոնացի և 10 հայ արվեստագետների գործերը`յուրաքանչյուրից 2-3 աշխատանք: Առկա են ավանդական, ինչպես նաև ժամանակակից ոճերում ստեղծված աշխատանքներ»,-նշեց Վարդիթեր Հարությունյանը:
Տիկնիկագործ Միյազակի Միեն առաջին անգամ է Հայաստանում: Ցուցահանդեսում նա ներկայացրել է ճապոնական երկու տիկնիկ:
«2000 թվականից նման տիկնիկներ եմ պատրաստում, վաճառվում են Ճապոնիայում: Ճապոնիայում հիմնականում երիտասարդներն են նմանատիպ իրեր պատրաստում»,-նշեց ճապոնացի արվեստագետը:
Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 30-ը: Մուտքն ազատ է: