Դամասկոսում ՍԴՀԿ-ն Ցեղասպանության և Հնչակյան 20 կախաղանների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացրել
КультураՍԴՀԿ Դամասկոսի շրջանի Վարիչ Մարմինն այսօր Սիրիայի մայրաքաղաքում կազմակերպել է բազմամարդ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Հնչակյան 20 կախաղանների նահատակության 100-րդ տարելիցին:
Այս մասին տեղեկացնում են Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունից։
«Հատուկ այդ նպատակով Երևանից Դամասկոս է մեկնել ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, ով մի քանի հազար դամասկոսահայերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հետևանքներին, Հայաստանում առաջիկայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, Սիրիայում տեղի ունեցող ողբերգական գործընթացներին և Մերձավոր Արևելքի վիճակին։
Առավոտյան Դամասկոսում՝ ուժեղ անվտանգության միջոցառումներով, Սուրբ Սարգիս եկեղեցում Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի ղեկավարությամբ անցկացվել է պատարագ, որին հետևել է Հայ Մարմնամարզական Միության տողանցքը Դամասկոսի փողոցներով: Երեկոյան կայացել է ժողովրդային հավաքը»,-ասվում է հաղորդագրությունում։