Տնտեսավարողները ծանոթացել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին
ОбществоՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-25-ին Երևանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում` «ԵԱՏՄ համագործակցության խնդիրները սննդամթերքի անվտանգության ոլորտում» թեմայով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից:
Հայաստանում այսօր զուգահեռաբար են գործում ազգային օրենսդրությունը և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, իսկ 2016 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործելու են միայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս համատեքստում կարևոր է համարում, որ տնտեսավարողները և այլ շահառու անձինք մինչև փոփոխություններն իրազեկ ու պատրաստ լինեն նոր ընթացակարգերին, ինչին և ուղղված է եղել հրավիրված համաժողովը:
Տեխնիկական կանոնակարգերի և դրանից բխող փոփոխությունների վերաբերյալ համաժողովին ելույթ են ունեցել Ծառայության պաշտոնյաներ, ինչպես նաև դասախոսներ և տնտեսագետներ: Նրանք ներկայացրել են ԵԱՏՄ երկրների սննդամթերքի անվտանգության փաստաթղթաշրջանառությանն առնչվող վերջին զարգացումների մասին տեղեկություններ, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի ու բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգերը, այդ թվում և ռեեստրների մեջ ընդգրկվելու կարգը:
Համաժողովի օրակարգային հարցերից են եղել նաև ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո անդամ երկրների օրենսդրական դաշտերի համապաստախանեցման ուղղությամբ արվող քայլերը` սննդամթերքի անվտանգության բնագավառում: Նշվել է, որ ներդրվել են վերահսկողական նոր կառուցակարգեր, ծառայությունների մատուցման նոր ինստիտուտներ: Հատուկ ընդգծվել է, որ սնունդ արտադրող և արտահանող տնտեսվարողների համար հիմա էլ թե' Հայաստանում, թե' Ռուսաստանում գործում են վերահսկողական գրեթե նույն գործառույթներն ու չափանիշները:
Մասնակիցների գնահատմամբ՝ համաժողովն օգտակար է եղել սննդամթերքի անվտանգության ոլորտում ԵԱՏՄ համագործակցության խնդիրների վերաբերյալ շահառուների իրազեկվածության բարձրացման առումով: