Արամ Ա-ն մասնակցել է 1915թ.-ի քաղդեացի նահատակների հիշատակի արարողությանը
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը քաղդեացիների Բեյրութի առաջնորդ Միշել Քասրաժիի կողմից հրավիրված էր ներկա գտնվելու 1915թ.-ի քաղդեացի նահատակներին նվիրված եկեղեցական արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից ծրագրված ու գործադրված Հայոց ցեղասպանությանն առընթեր, նաև ցեղասպանության են ենթարկվել քաղդեական ու ասորական մշակույթներին հետևող եկեղեցիների զավակները, որոնց զոհերի թիվը հասնում է շուրջ կես միլիոնի: Արարողության ընթացքում Քարսարժի եպիսկոպոսը, ինչպես նաև խոսք առնող բոլոր եկեղեցականները նշել են Հայոց ցեղասպանության մասին և անդրադարձել հայ ժողովրդի առաջատար դերակատարությանն Օսմայան Թուրքիայի կողմից գործադրված ցեղասպանությունը լուսարձակի տակ բեր ելուն և արդարության պահանջին:
Արամ Ա-ի արաբերեն իր խոսքն ընթերցել է կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժնի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը: «Նահատակն այն անձն է, որ իր արյունն է թափում իր հավատքի և իր քրիստոնեական արժեքների ու սկզբունքների համար՝ հավատարիմ մնալով Քրիստոսի ուսուցումներին»,- նշվել է խոսքում: Նաև անդրադարձ է կատարվել հայ և քաղդեական եկեղեցիների միջև եղբայրական հին կապերին, ինչպես նաև Իրաքի և Սիրիայի այսօրվա վիճակին և քրիստոնյաների կրած նեղություններին այդ շրջանակներում:
Եկեղեցական արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը կատարել է քաղդեացի նահատակներին նվիրված հատուկ սրբապատկերի օծման արարողություն: