Հայաստանն ԱՊՀ-ում սպառողական գների նվազում գրանցած միակ երկիրն է
ЭкономикаԱյս տարվա սեպտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ Անկախ պետությունների համագործակցության երկրներում, ընդհանուր առմամբ, սպառողական ապրանքների գներն աճել են 14.3 տոկոսով, այդ թվում` պարենային ապրանքներինը` 12.4 տոկոսով. 2014թ. սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 7.9 տո կոս և 9.1 տոկոս: Ընդ որում, Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որտեղ 2015թ. սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է գնանկում, որն ընդհանուր սպառողական ապրանքների պարագայում կազմել է 2 տոկոս, իսկ պարենային ապրանքների պարագայում` 6.2 տոկոս:
Առավելագույն գնաճ արձանագրվել է Ուկրաինայում, որտեղ սպառողական ապրանքների գներն աճել են 41.4 տոկոսով, պարենային ապրանքներինը` 34.2 տոկոսով: Ռուսաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 10.4 տոկոս և 10.2 տոկոս, Ադրբեջանում` 2.6 տոկոս և 3.4 տոկոս:
Ինչպես տեղեկացրին ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեից, եթե այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ Հայաստանում սպառողական գները մնացել են անփոփոխ, ապա ԱՊՀ երկրներում միջին գնաճը կազմել է 0.7 տոկոս, առավելագույն գնաճ արձանագրվել է Մոլդովայում` 2.1 տոկոս, որին հետևում են Բելառուսը` 1.5 տոկոս, Ուկրաինան` 1.2 տոկոս: Ռուսաստանում և Ադրբեջանում ամսական գնաճը կազմել է, համապատասխանաբար, 0.4 տոկոս և 0.6 տոկոս: