Մասնագետները քննարկել են օստեոպորոզի դեմ պայքարում Հայաստանի խնդիրներն ու հաջողությունները
ОбществоՕստեոպորոզի հայկական ասոցիացիան ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հավոնու ներքո անցկացրել է օստեոպորոզի դեմ պայքարում մեր երկրի խնդիրներին և հաջողություններին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են Հայսատանի և արտերկրի առաջատար մասնագետներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, օստեոպորոզին նվիրված 4-րդ կլոր սեղանի մասնակիցներն այս տարի «Առողջ սնունդ` առողջ ոսկրեր» կարգախոսի ներքո առանձնակի կարևորել են առողջության առողջ ապրելակերպի գաղափարը:
Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը ներկայացրել է օստեոպորոզի դեմ պայքարում մեր երկրում առկա խնդիրներն ու հաջողությունները: Իր ղեկավարած կառույցը մշտապես աջակցել է այս հիվանդության կանխարգելման, ախտորոշման և բուժման հարցերում: 2007 թվականից ի վեր ասոցիացիայի ջանքերով կազմակերպվել են բազմաթիվ ուսուցողական դասընթացներ բժիշկների համար: Այս տարի ևս ՕՀԱ-ն կազմակերպել է մի շարք միջոցառումներ և կոնֆերանսներ` ուղղված առողջ սննդի անհրաժեշտության մասին բժիշկների և հասարակության իրազեկության բարձրաց մանը: Միաժամանակ, օրվա շրջանակներում օստեոպորոզը ախտորոշելու նպատակով ասոցիացիան անցկացնում է անվճար սկրինինգ պոլիկլինիկաների աշխատողների համար:
«Օստեոպորոզը շատ լուրջ խնդիր է, թե Հայաստանում, թե աշխարհի տարբեր երկրներում: Մեզ համար շատ կարևոր է մարդկանց սովորեցնել ճիշտ սնվել, օգտագործել այնպիսի սնունդ, որը կօգնի պահպանել ոսկրերի ամրությունը, ինչն էլ իր հերթին կօգնի կանխարգելել օստեոպորոզը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի կառավարման կոմիտեի անդամ, բժշկության և ֆարմակոլոգիայի պրոֆեսոր, դոկտոր Ջոն Բիլեզիկյանը` հորդորելով սննդակարգում կարևոր տեղ հատկացնել կաթնամթերքի և բանջարեղենի օգտագործմանը: Իր զեկույցում նա կարևորել է ոսկրերի խտությունը չափող դենսիտոմետր սարքով Հայաստանի ապահովվածությունը: «2007թ. հետո Հայաստանին նվիրաբերվել է 7 սարք: Ծրագրվում է, որ 2016 թվականին Վանաձորը և Կապանը ևս կհամալրվեն դենսիտոմետրերով»,- ընդգծել է պրոֆեսորը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել մեր երկրում որակյալ մասնագետների պատրաստման, անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման գործում Հայաստանի և արտերկրի մասնագետների ջանքերը: «Ինձ համար կարևոր էր մասնակցել այս միջոցառմանը, քանի որ քննարկվող նյութի հիմքում իրական առողջապահությունն է: Ամբողջ աշխարհում առողջապահությունը գնում է դեպի հանրային և անհատական կանխարգելում: Մենք հանրային իրազեկվածության շնորհիվ փորձում ենք բարձրացնել մասնագետների և բնակչության գիտելիքները, ներդնել առողջապահական մշակույթ»,- ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ որպես հանրային առողջապահական կարևոր բաղադրիչ սնունդն այսօր առաջնային խնդիր է:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին առողջապահությանը և մասնավորապես օստեոպորոզի դեմ պայքարի գործում ցուցաբերած շարունակական աջակցության համար:
Օստեոպորոզի կանխարգելման ուղղությամբ համատեղ քայլեր, փորձի փոխանակում իրականացնելու աշխատանքում մեծապես կարևորվել է նման ձևաչափի հանդիպումների անհրաժեշտությունը:
Ամեն տարի ողջ աշխարհում հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Օստեոպորոզի կանխարգելման համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը հիվանդության մասին` կոչ անելով պահպանել անհրաժեշտ միջոցառումները, ժամանակին ախտորոշվել և սկսել բուժումը: