Վթարային շենքերում բնակվող 100 ընտանիքներ նոր բնակարաններ ստացան
ОбществоԵրեւանի Սիսակյան փողոցի 3, Նոր Արեշ 35 փողոցի N127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի N10/2 հանրակացարանային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ևս 100 ընտանիքներ դարձան նոր ու հարմարավետ բնակարանների սեփականատեր:
Սիսակյան 16 հասցեում գտնվող նոր 12 հարկանի բազմաբնակարան շենքը կառուցված է նախկին 4-րդ կարգի վթարայության կարգ ունեցող շենքի տեղում:
Մասնագիտությամբ ֆիզիկոս, երիտասարդ ընտանիքի հայր Գոռ Մանասերյանը արդեն տասը տարի ապրել է Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանում, և այսօր կնոջ ու փոքրիկի հետ մուտք գործեց նորակառույց մեկ սենյականոց բնակարանը:
«Երկար սպասումներից հետո վերջապես ստանալու ենք բնակարան, որը մեր կյանքի երազանքն է: Ուրախ ենք, որ մեր փոքրիկը կմեծանա նոր բնակարանում: Փոքրիկի ծնունդից հետո շատ դժվար էր ապրել հանրակացարանում, որտեղ սանհանգույցը, խոհանոցը ընդհանուր էին, իսկ սենյակում տեղավորվում էին մեկ մահճակալն ու սեղանը», - ասաց Գոռ Մանասերյանը:
12 հարկանի շենքն ունի երկու մուտք՝ յուրաքանչյուրում գործում է երկուական վերելակ: Շենքում, Երևանի քաղաքապետարանի պատվերով, կառուցվել է 120 հատ 1 և 2 սենյականոց բնակարաններ:
«Թող այս շենքում բնակվող ընտանիքները բազմանան, և միշտ երեխայի ճիչ լսվի: Շինարարներին և պատասխանատուներին շնորհակալ եմ սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու համար, ինչի շնոհիվ 4-րդ կարգի վթարային բազմաբնակարան շենքերի բնակիչներին կարողացանք այս օրերին տեղափոխել իրենց նոր բնակարանները», - հաձնման արարողության ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Լրագրողների հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ չորրորդ կարգի վթարայնության բազմաբնակարան շենքերի բնակիչների` նոր բնակարաններ տեղափոխելու ծրագիրը նախատեսված է ավարտել մինչև տարվա վերջ՝ այս տարի ընդհանուր առմամբ բաժանելով շուրջ 450 բնակարան, որոնցից 200-ն արդեն ունեն իրենց տերերը: Իսկ երրորդ կարգի վթարային բազմաբնակարան շենքերը գույքագրվում են, որպեսզի հետագայում կատարվի ամրացումը՝ կանխելու համար դրանց վերածումը 4-րդ վթարայության կարգի: