Գավառի մանկատան վեց սաներ վերադարձել են կենսաբանական ընտանիքներ
ОбществоԳավառ քաղաքի մանկատունն այս տարի ընդունել է խնամքի կարիք ունեցող 18 երեխայի` տարբեր հաստատություններ կամ ընտանիքներ ճանապարհելով 20 սանի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցԳավառի մանկատան տնօրեն ՆիկոլայՆալբանդյանը, 2015 թվականի ընթացքում կենսաբանական ընտանիք են վերադարձել մանկատան վեց սան: Բացի այդ, մեկ սան տեղափոխվել է հոգաբարձության, եւս մեկը խնամակալության, երկուսը որդեգրվել են: Մնացած տասը սաները տեղափոխվել են խնամքի այլ հաստատություններ:
«Մեր խնամքին հանձնված 18 երեխաներից եւ ոչ մեկը երկկողմանի ծնողազուրկ չէ: Միակողմանի ծնողազուրկներ ունենք, որոշ դեպքերում նույնիսկ նրանց կենսաբանական ծնողները կան, սակայն երեխաներին մանկատուն են բերում հիմնականում ընտանեկան անախորժությունների կամ դժվարին կենսապայմանների պատճառով: Բարեբախտաբար, մեզ մոտ ունենք երեխաների խնամքի ու դաստիարակության ու կրթության ժամանակակից բոլոր պայմանները, սակայն, այդքանով հանդերձ, ընտանեկան ջերմությունն ու միջավայրը մնում են անփոխարինելի: Ահա թե ինչու պետական ու հասարակական կառույցների հ ետ համատեղ մենք ջանքեր ենք գործադրում երեխաներին կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու ուղղությամբ, իսկ եթե դա անհնար է, այդ դեպքում փորձում ենք զարգացնել խնամատարությունը, հոգաբարձությունը»,-նշեց Նիկոլայ Նալբանդյանը:
Գավառի մանկատանն այս պահի դրությամբ խնամվում են 57 երեխաներ:
Խոսրով Խլղաթյան