Գագիկ Ջհանգիրյանը մեծահոգի գտնվեց ՄԻՊ-ի հանդեպ
ОбществоԻնչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ-ում շարունակվում էր ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկումը: Հիշեցնենք, որ դեռ երեկ ընդդիմադիր պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանն ու Արամ Մանուկյանը բավական դիպուկ շեշտադրումներ կատարեցին ՄԻՊ-ի աշխատանքների եւ գործելաոճի վերաբերյալ, ինչի հետ կապված էլ Կարեն Անդրեասյանը, անցնելով թույլատրելիի սահմանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ ի պատասխան քննադատողների, վիրավորեց պատգամավորներին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր հարց ուղղեց՝ մեծահոգություն դրսեւորելով եւ չանդրադառնալով Կ. Անդրեասյանի երեկվա պահվածքին` հաշվի առնելով Հերմինե Նաղդալյանի և Մարգարիտ Եսայանի հորդորները, ինչպես նաեւ նաև Կարեն Անդրեասյանի երիտասարդ տարիքը: «Ասում եք` 25 պետական գերատեսչություն եք ուսումնասիրել, որոնք իրենց պարտականությունները չեն կատարում: Հիմա դուք ի՞նչ եք առաջարկում այդ համակարգային խնդիրները լուծելու համար: Ձեր խնդիրը բարձրաձայնելը չէ, դուք պետք է խնդրի լուծումներ առաջարկեք: Գուցե ՄԻՊ-ի լիազորություններն են քիչ, միգուցե պետք է հետամուտ լինենք Հերմինե Նաղդալյանի ելույթին և ավելացնենք լիազորությունները»,- ասաց Ջհանգիրյանը:
Գագիկ Ջհանգիրյանը նաեւ նկատառում կատարեց զեկույցում տեղ գտած այն եզրահանգման հետ կապված, թե ՄԻՊ-ը չի կարող միջամտել այն գործերին, որոնք գտնվում են դատական պրոցեսում: «Ասում եք` բա ինչի՞ Գլխավոր դատախազությունը չի պատասխանում իմ հարցմանը, ինչո՞ւ քննչական մարմինները ցուցանիշներ չեն ներակայացնում: Ինչի՞ պետք է ներկայացնեն, եթե դրանց բացահայտումը ձեր վրա չէ, ի՞նչ գործ ունենք այդ մարդկանց խնդիրների կամ ցուցանիշների հետ»,- հարցրեց Ջհանգիրյանը:
Սոսե Չանդոյան