«Պամելա Անդերսոնի կրծքերից եմ ուզում». պլաստիկ վիրաբույժը՝ հայ կանանց պահանջների մասին
Երբեմն հայ կանայք ամենատարօրինակ պահանջներով են պլաստիկ վիրաբույժներին դիմում, այն աստիճան, որ մասնագետները երբեմն հրաժարվում են դրանք կատարել: ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանի խոսքով, որոշ կանայք չափազանց մեծ կրծքեր կամ չափազանց ուռած շուրթեր են ցանկանում:
Ընդ որում, հիշյալ կանանց շրջանում կարելի է որոշ աստղերի նմանվելու միտում նկատել. մասնագետի խոսքով, ոմանք նույնիսկ Ջենիֆեր Լոպեսի հետույքից ունենալու ցանկություն են հայտնում, ոմանք՝ Անջելինա Ջոլիի շուրթերից, ոմանք էլ՝ Պամելա Անդերսոնի կրծքերից։ Սակայն խնդիրն այն է, որ ոչ բոլոր պլաստիկ վիրաբույժներն են պատրաստ չափազանց մեծ չափերի իմպլանտներ տեղադրել կամ շուրթեր «ստեղծել», եթե դա կնոջը տգեղ տեսք է հաղորդելու:
«Ոչ մի խելացի մարդ թույլ չի տա, որ իր ձեռքով հանցագործություն կատարվի, իսկ դա, բարոյականության եւ գեղեցկության տեսանկյունից, իրապես հանցագործություն է։ Յուրաքանչյուր պլաստիկ վիրաբույժ ցանկանում է այցելուին գեղեցիկ, ներդաշնակ տեսք հաղորդել», - նշել է Արմեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն գեղեցիկի մասին, որոշ ֆիզիոլոգիական նորմեր գոյություն ունեն, որոնց սահմաններից դուրս գալ չի կարելի: Այդ իսկ պատճառով պլաստիկ վիրահատության համար դիմող 10 կանանցից մոտ մեկը կամ երկուսը մերժվում են:
Այլ երկրներում նման վիրահատությունները կոմերցիոն նպատակ են հետապնդում, երբ դերասանուհիներն իրենց մեծ կրծքերի շնորհիվ փորձում են գումար աշխատել: Իսկ հայ կանանց պարագայում որքանո՞վ է ճիշտ այդպիսի կրծքեր ունենալ, հարցնում է մասնագետը:
Իսկ ո՞ր կրծքերն են համարվում չափազանց մեծ։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում վիրաբույժը նշել է, թե հստակ չափսեր գոյություն չունեն՝ ամեն ինչ կնոջ կառուցվածքից է կախված։ Օրինակ, կես լիտրանոց իմպլանտները խոշոր կազմվածքով կնոջը կարող են համաչափ եւ գեղեցիկ տեսք հաղորդել, եւ խիստ անհամաչափ ու տգեղ տեսք՝ նրբիկ ու փոքրամարմին աղջկան։
Արմեն Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ երբեմն մերժվում են նաեւ այն այցելուները, որոնք իրենց մարմնի որոշակի առանձնահատկությունների մեջ «խնդիր» են տեսնում: Եթե այդ «խնդրի» «լուծումը» կարող է վատ հետեւանքների հանգեցնել, երբեմն ավելի ճիշտ է հաշտվել դրա առկայության հետ, կարծում է մասնագետը։