«Հայաստան. Արևմուտքը երկխոսում է Արևելքի հետ» խորագրով գիտաժողով է անցկացվել Բոլոնիայում
ОбществоԻտալիայի Բոլոնիայի Ալմա Մատեր համալսարանի կողմից կազմակերպած Պատմության միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 21-ին անցկացվել է Հայաստանին նվիրված գիտաժողով՝ «Հայաստան. Արևմուտքը երկխոսում է Արևելքի հետ» խորագրով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գիտաժողովը կայացել է համալսարանի հնագույն և անվանի Արքիջիննազիո գրադարանում:
Գիտաժողովի բանախոսներն էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և «Il Giorno» օրաթերթի լրագրող Մարկո Գուիդին:
Նրանք խոսել են Հայ ժողովրդի պատմության ու քաղաքակրթության, մշակութային հարուստ ժառանգության, Իտալիայում հայերի դարավոր ներկայության, Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:
Գիտաժողովի ավարտին կայացել է Տրեվիզոյի դպրոցների աշակերտների կողմից կատարված Հայաստանի վերաբերյալ «Հացի երգը, հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը» ուսումնասիրության ներկայացումը: Որպես լավագույն հետազոտություն այն 2015 թվականի մայիսին արժանացել էր Իտալիայի սենատի տարեկան մրցանակին:
Միջոցառումներին ներկա էին համալսարանի ուսանողներ ու դասախոսներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: