«Հայանտառ»-ը կուսումնասիրի Դսեղի անտառային տնտեսությունում 600 ծառերի հատման պատճառները
Общество«Հայանտառ»-ի մասնագետները կուսումնասիրեն Դսեղի անտառային տնտեսությունում «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում հայտնաբերված շուրջ 600 ծառերի հատման փաստի բնույթն ու պատճառները:
Այս մասին տեղեկացրեց «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
«Կիրականացվի մասնագիտական ուսումնասիրություն, որի ընթացքում հաշվի են առնվելու նախորդ տարիներին օրինական և ապօրինի հատումների դեպքերը, որպեսզի կարողանանք հստակ ասել հայտնաբերված հատումների պատճառն ու հեղինակներին: Վերջերս Բնապահպանական տեսչությունը ուսումնասիրություններ էր կատարել Դսեղի անտառային տնտեսությունում, որի արդյունքները նույնպես պետք է համադրվեն մեզ տրամադրած տվյալների հետ», - ասաց Մարտուն Մաթևոսյանը:
Հայանտառի տնօրենը նշեց, որ Դսեղի անտառտնտեսության տարածքը բավականին մեծ է և Բնապահպանական Ճակատի ահազանգած ծառահատումների վայրերը ճշտվում են: Այստեղ աշխատում են անտառապահներ, որոնց ամրացված են հստակ տարածքներ: Մարտուն Մաթևոսյանը հավելեց, որ Դսեղի անտառտնտեսությունում աշխատում է 13 անառապահ:
Բնապահպանական ճակատի մասնակցությամբ «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում Դսեղի անտառտնտեսությունում հոկտեմբերի 23-24 դիտումների ընթացքում հայտնաբերվել է մոտ 600 անօրինական հատված ծառ, որոնցից գրեթե 350-ը թարմ հատված էին: