«Ժամանակ» թերթը զրուցել է Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի հետ:

Արա Աբրահամյանը, շատ լավ գիտի, որ չի կարող առաջիկա ընտրություններում առաջադրվել։ Ըստ Ձեզ՝ նա ինչո՞ւ է որոշել մտնել Հայաստանի քաղաքական դաշտ։

Հայաստանի քաղաքական դաշտը տասնյակ տարիների ընթացքում ինչպես ցանկացել փոփոխել են, եւ՛ Սահմանադրությունը, եւ՛ օրենքները, բայց մենք բոլորս էլ լավ հասկանում ենք, որ արդեն 15 տարի է՝ Հայաստանի քաղաքականությունը դրսից է կատարվում, ոչ թե ներսից։ Հետո Սահմանադրություն են փոխում, որ դրսի մարդը իրավունք չունի ընտրվելու։ Սա ես չեմ ասում Արա Աբրահամյանի հետ կապված, այլ ընդհանրապես։ Ժողովուրդը թե՛ գումարային, թե՛ քաղաքական առումով սպասում է, թե դրսում ինչ կկատարվի, որ հասկանա՝ ներսում դա ինչ ազդեցություն կունենա։ Իսկ այսօր Սահմանադրությունը թույլ չի տալիս մարդուն, ով նույնիսկ ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանին, ընտրվել։ Դրանք մոտեցումներ են, որոնք օգտագործվում են կարճ ժամանակամիջոցում հաղթելու համար։ Իսկ Արա Աբրահամյանի որոշման հետ կապված, կարող եմ ասել, որ դա վտանգավոր է իր համար։  Այն, ինչ կատարվեց վերջին ամիսներին Հայաստանում՝ Ռուսաստանի կողմից մտնելու Հայաստանի տնտեսական, հիմա էլ քաղաքական դաշտ, ժողովրդին ցույց  է տալիս, որ Ռուսաստանը չի վստահում այսօրվա ղեկավարին, իսկ եթե այդ մարդիկ պարտվեն, կպարտվեն ամբողջովին։ Երկու կողմից հարված է կատարվում։ Դժվար է ասել, որ սա անձնական որոշում էր, Ռուսաստանն ինչ-որ բան  ուզում է՝ ուրեմն։ Դրա համար սա շատ վտանգավոր քայլ է Հայաստանի համար։ Իսկ թե ինչի դա կբերի՝ ես չգիտեմ, քանի որ չգիտեմ ամբողջ ծրագրերը, փաստերը։

Իսկ միգուցե Արա Աբրահամյանը փորձում է «լրացնել» Գագիկ Ծառուկյանից հետո առաջացած բացը։

Ես դժվար թե դա իրար հետ համեմատեմ: Ազգային ժողովում քաղաքական երկրորդ ուժի պատգամավորներին չեզոքացնել մեկ մարդով, դա ցույց է տալիս, որ քաղաքական դաշտ չի եղել։ Դա առաջին։ Երկրորդ՝ Ծառուկյանի դեմ պետական ապարատն ուներ ահռելի լծակներ՝ ֆինանսական դաշտում հարվածներ տալու։ Իսկ Արա Աբրահամյանի հետ կապված այդ լծակները չկան, եւ տեղը գրավելու հարցը սխալ մոտեցում է։ Դա իմ կարծիքն է։ Երբ վերլուծում ես, տեսնում ես, որ դրանք տարբեր մոտեցումներ են, եւ ցանկացած քայլ ունի իր առանձնահատկությունները։

Ինչո՞վ է վտանգավոր, պարոն Խաչատրյան։

Երբ որ Եվրոպան ու Ամերիկան աշխատում են Հայաստանում, նրանք ստեղծում են  կառույցներ՝ բանկային, ուսանողական, նրանց աջակցման, իսկ Ռուսաստանի կողմից կատարվող քայլերը քննարկվում են լրատվամիջոցների կողմից։ Այն  ուժերը, որոնք կան Հայաստանում՝ վատահություն չունեն, դա նաեւ քննարկում է տեղի ժողովուրդը։ Քանի որ ամեն ինչ Հայաստանում քաղաքականացված է, դա եւս քննարկվում է։ Այսինքն՝ այն վստահությունը, որ կար՝ Սերժ Սարգսյանն ամեն ինչ կատարում է Մոսկվայի ցուցումով, մտել է կասկածի տակ։ Իսկ այն մարդիկ, ովքեր ունեին գումարներ եւ մտնում են քաղաքականության մեջ ու պարտվում, կորցնում են ամեն ինչ։ Ամեն ինչ ինչ-որ քայլերի, հիմքերի վրա է դրված։ Արա Աբրահամյանի քայլը Հայաստանի համար լավ է, թե վատ՝ դժվար է ասել։ Միգուցե լավ լինի, բայց այսօր դրա մասին խոսել, կանխատեսումներ անել՝ ես չեմ կարող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում