Հայաստանից գինու եւ կոնյակի արտահանման ծավալները 36 %-ով նվազել են. «Անալիտիկ» շաբաթաթերթ
ЭкономикаՀայաստանից գինու եւ կոնյակի արտահանման ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 36 տոկոսով նվազել են: Ռուսական շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով հայկական ընկերությունները գինու եւ կոնյակի վաճառքի այլ շուկաներ են փնտրում: Տնտեսվարողները փորձում են աշխատանքներն ակտիվացնել չինական եւ ամերիկյան շուկաների ուղղությամբ:
Մասնավորապես, չինական շուկայում հայկական արտադրանքն անծանոթ է, պետք է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել: Եթե 2013 թվականին Հայաստանից կոնյակի եւ գինու արտահանումը Չինաստան ընդհանուր արտահանման ծավալի մեկ տոկոսն էր կազմել, ապա 2014 թվականին այդ ցուցանիշը կրկնապատկվել է: Չինական շուկան, նույնիսկ եթե թեսթային համակարգով էլ մեզանից գինիներ ու կոնյակներ վերցնի, ապա հաջողություն կունենանք:
Այստեղ խնդիրն այն է, որ ապրանքը Հայաստանից Չինաստան հասնում է մոտ 60 օրում, եւս 25 օր մաքսազերծման գործընթացն է տեւում: Այսինքն, 3 ամիս մարդը բեռ չի ստանում, եւ եւս 3 ամիս էլ համարվում է վճարման համար ողջամիտ ժամկետ. ընդհանուր ստացվում է մոտ 6 ամիս: Քանի որ արտադրողները դեռեւս չեն ստացել Ռուսաստանից գումարները, ապա 6 ամիս սպասելու ռեսուրս ոչ բոլոր ընկերություններն ունեն:
Խնդիր է նաեւ այն, որ հայկական գինին եւ կոնյակը Չինաստանին անծանոթ է, ուստի միանգամից չեն վճարում, այլ վաճառքից հետո են կատարում վճարումները: Նախորդ տարի ոլորտի ընկերություններին այդ պայմանները ձեռնտու էին, սակայն այսօր այդպես չէ, քանի որ ոչ վարկեր են կարողանում ստանալ, ոչ էլ Ռուսաստանից իրենց գումարները: Այս դեպքում կառավարությունը պետք է աջակցի ոլորտի ընկերություններին:
Եթե այսպես շարունակվի, ընկերություններն եկող տարի խաղող չեն կարող մթերել թեկուզ այն պարզ պատճառով, որ տարաները չեն ազատվի: Եթե նույնիսկ տարաներն ազատվեն, ապա մթերված խաղողի դիմաց չեն կարողանա վճարել գյուղացիներին:
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում