Ալեքսեյ Լիդովը ներկայացրեց «Ախթալայի վանքի որմնանկարները» գիրքը
КультураՌուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Լիդովը Հայաստանում ներկայացրեց «Ախթալայի վանքի որմնանկարները» հիմնարար աշխատությունը: Երկլեզու` հայերեն և ռուսերեն գիրքը հրատարակվել է Մոսկվայում 2014 թվականին:
«Ես ուրախ և երջանիկ եմ կրկին լինել իմ սիրելի երկրում, որի հետ կապված է իմ ամբողջ կյանքը: Հայաստանի նկատմամբ սերը ողջ կյանքի համար է: Այդ սերն ի հայտ է եկել 19 տարեկանում, երբ առաջին անգամ, որպես երկրորդ կուրսի ուսանող, հայտնվեցի Հայաստանում` պրակտիկայի նպատակով: Մենք ճամփորդեցինք ամբողջ երկրով, տեսանք վանքերն ու հուշարձանները, և այդ «ցնցումը» մնաց ամբողջ կյանքի համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովի ընթացքում անցկացված գրքի շնորհանդես ի ժամանակ նշեց Ալեքսեյ Լիդովը:
Երեք գլխից բաղկացած աշխատությունը նվիրված է Ախթալայի վանքի որմնանկարներին, որոնք միջնադարյան Հայաստանի կարևորագույն կոթողներից են: Աշխատությունը հարուստ է նկարներով:
«Հուշարձանի մասին շատ բան հայտնի չէր, պետք էր այդ անհայտությունից ինչ-որ կենդանի բան ստեղծել: Ես զգացողություն ունեմ, որ կատարել եմ պարտքս Հայաստանի և վանքի նկատմամբ: Այն առավել քան արժանի է նման հրատարակության»,-շեշտեց ակադեմիկոսը:
Ալեքսեյ Լիդովը հավելեց, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ նախօրեին հանդիպել են և քննարկել այն հարցը, որ անհրաժեշտ է Ախթալայի վանքը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Զաքոյանը նախարար Հասմիկ Պողոսյանի անունից արարողության ընթացքում Ալեքսեյ Լիդովին պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
«Գրիգոր Նարեկացին իմ ամենասիրելի հայ պոետն է, ուսանողական տարիներին կարդացել եմ նրա գործերի ռուսերեն թարգմանությունները: Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է»,-պարգևը ստանալուց հետո նշեց Ալեքսեյ Լիդովը:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը: Այս տարի ՝գիտաժողովն անցկացվում է «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո։ Այն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Հոկտեմբերի 27-29-ն ընթացող գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի,Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղ ազախստանի, Վրաստանի առաջնակարգ կենտրոնների մասնագետներ։