Երվանդ Զախարյանը հերքում է «Նաիրիտ»-ի գույքի վաճառքի մասին խոսակցությունները
ЭкономикаՀայաստանի կառավարությունը կողմ է «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:
«Մենք մի քանի անգամ արդեն ասել ենք, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հնարավորությունը: Այս պահին գործարանը շարունակում է պարապուրդում մնալ, և ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն էլ կառավարության աջակցությամբ ամեն ամիս վճարում է չաշխատող գործարանի շուրջ 480 աշխատակիցների աշխատավարձերը, որը կազմում է 70-75 միլիոն դրամ»,- նշեց Զախարյանը:
Անդրադառնալով գործարանի վերագործարկման վերաբերյալ Համաշխարհային բանկի ուսումնասիրություններին՝ Զախարյանը նշեց, որ կառավարությունը որևէ հիմք չունի այդ ուսումնասիրությունների արդյունքները կասկածի տակ դնելու համար: «Գիտեք, որ նրանց դիրքորոշումը հետևյալն է, որ այսօր «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը նպատակահարմար չէ: Թե ինչպիսին կլինի գործարանի հետագա ճակատագիրը, ցույց կտա ժամանակը»,- ասաց նախարարը:
Երվանդ Զախարյանը հերքեց գործարանի գույքի վաճառքի մասին խոսակցությունները: Նախարարը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ նման խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում և այնտեղից որևէ գույք չի վաճառվել: