Օպերայի և բալետի թատրոնի արտիստները 2-րդ տեղն են գրավել պարարվեստի միջազգային մրցույթ-փառատոնին
КультураՀոկտեմբերի 15-19-ը Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կայացած Մահմուդ Էսամբաևի անվան պարարվեստի 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստներից կազմված խումբը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Ինչպես տեղեկացրին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթ-փառատոնին մասնակցել են 7 երկրների և ՌԴ 19 շրջանների 96 մասնակից։
Հայաստանը ներկայացրել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի 4 արտիստ՝ Վահագն Մարգարյանը, Արթուր Գասոյանը, Սամվել Սերոբյանը և Պետրոս Սերոբյանը։ Արտիստներին մրցույթ-փառատոնին ներկայացրել է թատրոնի բալետային խմբի ղեկավար Բորիս Էմինյանը։ Բալետային խմբից ընտրված արտիստները ներկայացրել են երեք ժամանակակից պարային համարներ՝ Ռուբեն Մուրադյանի խորեոգրաֆիայով «Տրիո-Բրավո», Արսեն Մեհրաբյանի՝ «Փակուղի», Հովհաննես Դիվանյանի՝ «Թմբուկներ» և մեկ հայկական ժողովրդական պար։
Մրցույթն անցկացվել է Գրոզնիի «Վայնախ» պետական թատրոնում: Մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում են եղել անվանի պարողներ՝ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, «Բալետ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերիա Ուրալսկայայի գլխավորությամբ։ Փառատոնի Գրան-պրիին արժանացել է Բելառուսը ներկայացնող պարային դուետը, առաջին հորիզոնականը զբաղեցրել է Չեչնիայի պարային խումբը, երրորդը՝ դարձյալ Բելառուսը։