Աշխարհի երկրների 150 անվանի բժիշկներ Երևանում մասնակցեցին պլաստիկ վիրաբուժության միջազգային գիտաժողովին
ОбществоՊլաստիկ վիրաբույժությունը շտկում է ոչ միայն մարդկանց արտաքինը, այլև օգնում բարձրացնել ներքին հիվանդությունների բուժման արդյունավետությունը։ Շատ ներքին հիվանդություններ ազդում են նաև արտաքինի վրա և կարող են հոգեբանական խնդիրներ, անհարմարավետության զգացում առաջացնել, նման դեպքերում երբեմն հիվանդներին կարող են օգնել պլաստիկ վիրաբույժները։
Երևանի բժշկական համալսարանում մեկնարկած պլաստիկ վիրաբույժների «Նոր հորիզոններ պլաստիկ վիրաբուժության և մաշկավիրաբուժության մեջ» թեմայով միջազգային գիտաժողովին այս մասին ասաց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:
«Որպես ներքին հիվանդությունների մասնագետ՝ հույս ունեմ, որ արտաքին խնդիրների վերացմամբ կկարողանանք ազդել այն օրգանների գործառույթի և կառուցվածքի վրա, որի հետևանքով առաջացել է են այդ խնդիրները», - ասաց ԵՊԲՀ ռեկտորը:
Հինգերորդ տարին իրականացվող գիտաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 28-30-ը։ Այս տարի գիտաժողովին մասնակցելու են Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Ուկրաինայից և այլ երկրների 150 բժիշկներ, այդ թվում՝ Վիեննայի Ավետարանական հիվանդանոցի դիմածնոտային բաժնի գլխավոր բժիշկ և Wilhelminenspital հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության բաժնի խորհրդական Քուրթ Վինցենցը և Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Ադամյանը։
Հոկտեմբերի 30-ին կկայանա դերմատոկոսմետոլոգիայի արբանյակային սիմպոզիում։ Միջոցառման կազմակերպիչներն են Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիան, Պլաստիկ և վերականգնողական վիրաբույժների վրացական հասարակությունն ու Մխիթար Հերացու անվան Երևանի պետական պետական բժշկական համալսարանը։