Ալ. Հարությունյանի անվան քառյակն առաջին անգամ ներկայացավ հանրությանը
КультураԱլեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային, դաշնամուրային քառյակն առաջին անգամ ներկայացավ մշակութասեր հանրությանը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում անկացվեց քառյակի շնորհանդեսը:
«Քառյակը բաղկացած է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մենակատարներից: Նմանատիպ կոլեկտիվ ստեղծելու առաջարկ է ունեցել դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը, որը քառյակի մենակատարներից է: Ֆլեյտա, կլարնետ, ֆագոտ և դաշնամուր կազմով անսամբլ գրեթե չի հանդիպում, դրա համար որոշեցինք օրիգինալ կազմով հանդես գալ և հանդիսատեսին ներկայացնել այս գործիքների միաձուլումից առաջացած երաժշտությունը»,- նշեց քառյակի անդամ, կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը:
Նորաստեղծ քառյակը կրում է հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը անունը:
«Պատճառներից մեկն այն է, որ այս տարի նշվում է Ալեքսանդր Հարությունյանի 95-րդ հոբելյանը, բացի այդ նա այն եզակի հայ կոմպոզիտորներից է, որ հենց այս գործիքների համար ստեղծած մեծաթիվ ստեղծագործություններ ունի »,-շեշտեց Դավիթ Գյուլամիրյանը` հավելելով, որ քառյակը հետագայում գործունեություն է ծավալելու ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:
Քառյակի կազմում, բացի կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանից, հանդես են գալիս նաև ֆլեյտահար Գևորգ Ավետիսյանը, ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը և դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը:
Անդրանիկ համերգային երեկոյի ընթացքում քառյակը կատարեց Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Պյոտր Չայկովսկու և այլ կոմպոզիտորների գործերը։ Համերգը նվիրվեց մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակին։
Ալեքսանդր Հարությունյանի դուստրը`դաշնակահարուհի Նարինե Հարությունյանը հույս հայտնեց, որ ապագայում ժամանակակից կոմպոզիտորները կգրեն ստեղծագործություններ հատուկ այս կոլեկտիվի համար:
Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում տեղի են ունենում կամերային և սիմֆոնիկ համերգներ: Աննախադեպ է լինելու փառատոնի փակման համերգը։ Դեկտեմբերի 5-ին Երիտասարդական նվագախումբը հանդես կգա նորարարությամբ.Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։