70 հազար մարդ հեռացել է երկրից, սակայն ընտրացուցակներն ավելացել են 10 հազար անունով
ОбществоՀՀ Ազգային ժողովում շարունակվում է «Նույնականացման քարտերի մասին» եւ «Ընտրական օրենսգրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի քննարկումը: Քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հանդես եկավ ելույթով: «Ես ուսումնասիրել եմ մի քանի ընտրատարածքների ընտրական ցուցակները, որտեղ հայտնաբերել եմ մի քանի խախտումներ: Ցուցակներից հանված չէին մահացած մարդկանց անունները, կային նաեւ անուն-ազգանուններ, որոնք կրկնվում էին: Հետաքրքրական է, որ 70 հազար մարդ հեռացել է երկրից, սակայն ընտրացուցակներն ավելացել են 10 հազար անունով»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը:
Արամ Մանուկյանը հայտարարեց նաեւ, որ ՀՀ-ում այսօր ընտրողների թիվը կազմում է 2.6 մլն մարդ: Ըստ նրա՝ տոկոսային առումով այս տարիներին Հայաստանում ընտրող է համարվել բնակչության միայն 67 տոկոսը, սակայն այսօր դրանց թիվը հասել է 70 %-ի: «Առկա բնակչության ընտողների 97 տոկոսը բաժին է ընկնում Վայոց ձորին, 91 տոկոսը՝ Կոտայքի մարզին եւ այլն, մինչդեռ բնակչության ընդհանուր թվից մոտավորապես 600 հազար մարդ չի կարող ընտրող համարվել: Անընդհատ ասում ենք՝ Հայաստանն ունիկալ է իր ցուցակների ու արտագաղթի առումով, բայց ցուցակներ ենք ուռճացնում: Պաշտոնական տվյալներով՝ ընտրողների թիվն ավելացել է 50-60 հազարով, իսկ մենք ասում ենք, որ պակասել է արտագաղթի հաշվին: Մեռանք ասելով՝ եկեք մաքրենք այս ցուցակները, հասկանանք՝ մեռած մարդիկ քվեարկում են, թե ոչ: Ի՞նչն է խնդիրը, որ չեք ուզում մաքրել: Եկեք մաքենք. այստեղ ո՛չ փողի խնդիր կա, ո՛չ ծախսի: Այս կերպ ոչ մի մարդու իրավունք չի պաշտպանվում: Սա դեմագոգիա է: Եկեք տպեք այն ցուցակը, որ տեսնենք՝ ովքեր եկան, ովքեր մասնակցեցին: Այդ ցուցակներն առ ոչինչ են, եթե այս հարցը չի լուծվում»,- հայտարարեց Ա. Մանուկյանը:
Ի դեպ, խմբակցության քարտուղարը, անդրադառնալով նույնականացման քարտերի հարցին, կատարեց մեկ նկատառում. «Դեռ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսում էր 5000 ID քարտ ունեցողների մասին, իսկ այսօր այդ թիվն արդեն գերազանցում է 182 հազարը»:
Սոսե Չանդոյան