Շրջանառության մեջ դրվեց Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված փոստային բացիկը
Общество«Հայփոստ» ընկերությունը հոկտեմբերի 29-ին մարեց և շրջանառության մեջ դրեց Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված 240 դրամ անվանական արժեքով փոստային բացիկ` մեկ նամականիշով: Այն թողարկվել է Ազգային հերոսներ շարքի ներքո: Բացիկի գաղափարը Թաթուլ Կրպեյանի դստերն է, ով այժմ գտնվում է Շվեյցարիայում ու, գուցե, փոստով ստանա իր հայրիկի նկարը կրող բացիկը:
«Այս պահին Ասպրամն այստեղ չէ, ուսումնառության նպատակով գտնվում է Շվեյցարիայում և, իհարկե, շատ ուրախ և երջանիկ կլինի, որ իր գաղափարն իրականություն է դարձել: Այս բացիկը մեզ` ապրողներիս է պետք, որովհետև հերոսներն արեցին ամենակարևորը, որ կարող էին ժողովրդի համար, զոհեցին ամենաթանկը, ուստի մեզ համար է կարևոր հիշել նրանց»,- ասաց Թաթուլ Կրպեյանի կինը` Իրինա Բարսեղյան-Կրպեյանը:
Բացիկի մարման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Վանիկ Մինասյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Իրինա Բարսեղյան-Կրպեյանը:
Մինասյանը նշեց, որ 2015 թվականը հայտարարվել էր Թաթուլ Կրպեյանի հոբելյանական տարի,և ՀՀ պաշտպանության նախարարությունը նախանձախնդիր է ազգային հերոսի հոբելյանըհամաժողովրդական շուքով նշելու հարցում: