Բաշկիրիայում հայ է սպանվել
ОбществоԲաշկիրիայի Սալավատ քաղաքում հոկտեմբերի 29-ի գիշերը սպանվել է ավտոտեխսպասարկման կետի տերը` Ա. Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում է lifenews կայքը, նա մահացել է գլխին ստացած վնասվածքի պատճառով Սալավատի քաղաքային կենտրոնական հիվանդանոց տարվելուց հետո: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Այս մասին տեղեկացրել են բժշկական հաստատությունից:
Բացի այդ, վիրավորվել են ևս վեց հայեր` Ա. Ոսկանյանը, Տ. Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Ա. Մամլոյանը, Ա. Ավետյանը և Ա. Ակուլյանը: Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում, ծանր վիճակում: Տեղեկություններ կան, որ վիրավորներից երեքը վերքեր են ստացել որովայնային հատվածում, մյուս երեքը` մարմնի տարբեր հատվածներում, ևս մեկը` գլխի:
Բաշկիրիայում անհայտ դիմակավորված անձինք մոտեցել են ավտոտեխսպասարկման կետին և կրակ բացել գործարարի և նրա ընկերների ուղղությամբ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ դեպքի պատճառ կարող է լինել ողբերգությունից ժամեր առաջ տեղի ունեցած վիճաբանությունը ընկերների և անհայտ անձանց միջև, ովքեր հեռախոսով տեսագրել են մեքենան փոսից հանող ընկերներին: Վիճաբանության ժամանակ անհայտ անձանցից մեկը կրակել է ընկերներից մեկի դեմքին: Վիրավորին տեղափոխել են բուժկետ, որից հետո մյուսները վերադարձել են ավտոտեխսպասարկման կետ, որտեղ էլ քիչ անց տեղի է ունեցել ողբերգությունը: