Միջազգային համագործակցության արդյունքում ծնված գրականությունը հմայել էր ներկաներին
КультураԱյսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «7 գույն» խորագրով պատմվածքների ժողովածուի և գերմանացի գրող Մանֆրեդ Թայզենի «Ապակյա Արամը» գրքի շնորհանդեսը,- հայտնում է Orer.am-ը:
Պատմվածքների ժողովածուն կյանքի է կոչվել «IBBY Yamada» հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացված «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթ-նախագծի շրջանակներում:
Մրցույթին մասնակցելու հիմնական նպատակը մանկապատանեկան գրականության զարգացման խթանումն էր Հայաստանում: Մրցութային ծրագրի նախաձեռնողները Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունն է եղել, ինչպես նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Ակտուալ արվեստ» հասարակական կազմակերպությունը:
Ծրագրի ընթացքում հայ երիտասարդ գրողների և նկարազարդողների համար կազմակերպվել է եռօրյա վարպետության դասընթաց, որոնք վարել են գերմանացի հայտնի գրող Մանֆրեդ Թայզենը և բելգիացի հայտնի նկարազարդող Կլաաս Վերպլանկը: Ծրագրի ստեղծագործական փուլին մասնակցած երիտասարդ հայ գրողներն այդ ընթացքում գրել են պատանիներին նվիրված 7 պատմվածք, որոնք նկարազարդել են ծրագրի մասնակից հայ նկարազարդողները:
Այս համատեղ աշխատանքի արդյունքում է ծնվել է «7 գույն» խորագիրը կրող պատմվածքների ժողովածուն, իսկ վարպետության դասընթացի ընթացքում գերմանացի գրող Մանֆրեդ Թայզենը, հայկական ջերմ ընդունելությունից տպավորված, հայ պատանիների մասին պատմվածք է գրել, որը վերնագրել է «Ապակյա Արամը»: Սակայն զարմանալին այն էր, որ գերմանացի գրողին այդ կարճ ժամանակահատվածում հաջողվել է այնքան վարպետորեն ներկայացնել հայ պատանիների ազգային մտածողությունը, հոգեբանությունը և նրանց զանազան դրսևորումները տարբեր իրավիճակներում, որ տպավորություն է ստեղծվում, թե նա երկար տարիներ ուսումնասիրել է հայ պատանիներին:
Այսօր կայացած շնորհանդեսի ժամանակ բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, մեդալների և պատվորգրերի արժանացած, բելգիացի նկարազարդող Կլաաս Վերպլանկը, ով նկարազարդում է ինչպես գրքեր, այնպես էլ աշխարհահռչակ «Նյու Յորք Թայմս», «Դը’ ստանդարտ», «Հյումո», «ՄՕ» և «ԶՕ» ամսագրերը, շնորհանդեսի ժամանակ նշեց, որ այս ասպարեզում 24 տարվա փորձառություն ունի, բայց երեք օրվա ընթացքում նկարազարդել սովորեցնելը համարում է իր գործունեության ընթացքում ստացած կարևոր դասերից մեկը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ողջունելով պատմվածքների հեղինակներին և ներկաներին, նշեց, որ միջազգային համագործակցության արդյունքում ծնված պատմությունների ժողովածուն և գիրքը հրաշալի սկիզբ են հետագա համատեղ գործունեությունն առավել ամրապնդելու համար:
Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին պատանեկան ժամանակակից գրականության ստեղծման համար և հույս հայտնեց, որ ապագայում նույնպես հնարավոր կլինի ժամանակակից ստեղծագործողների շնորհիվ նոր պատմվածքներով զարմացնել հայ ընթերցասեր հասարակությանը:
Ա.Գ.