Պատմամշակութային ժառանգությանն առնչվող 19 գիրք ու քարտեզ է հրատարակվել
КультураԱրցախի մշակութային հարստությունն ամփոփող նոր քարտեզ-ալբոմի հրատարակությունը կարևոր ձեռքբերում է և աշխատանք, որը մինչև այժմ չէր իրականացվել: Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը տեղեկացրեց, որ կառույցը 2014-2015 թվականների ընթացքում մի շարք գրքեր է հրատարակել:
«Այս կատալոգ-ալբոմը ներառում է Արցախի ամենակարևոր 384 հուշարձանները: Մինչև այժմ նման բան չէր հրատարակվել»,- նշեց Վլադիմիր Պողոսյանը:
«Արցախի վանքերն ու եկեղեցիները» քարտեզ-ալբոմը ՊՈԱԿ-ի հրատարակած միակ գիրքը չէ: Հոկտեմբերի 30-ին Հայաստանի ճարտարապետների միությունում անցկացվեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի` 2014 և 2015 թվականներին հրատարակած 19 գրքերի և քարտեզների շնորհանդեսը:
«Պետք է ասել, որ մեր կազմակերպության համար աննախադեպ տարի էր թե’ գիտահետազոտական աշխատանքների կատարման, թե’ այս հրատարակությունների կազմակերպման և իրականացման առումով: Այս տարի մենք առաջին անգամ հրատարակության ենք ներկայացրել ոչ միայն մեր կազմակերպության արխիվային նյութերը, այդ թվում`կատալոգներ, գրքեր, բուկլետներ և այլն, այլև առաջին անգամ տպագրել ենք կազմակերպության գիտամեթոդական խորհրդի երեք անդամների կազմած գրքերը»,-շեշտեց ՊՈԱԿ-ի տնօրենը:
Վլադիմիր Պողոսյանի խոսքով` հուշարձանների պահպանությունը կարևորագույն խնդիր է, բայց և դժվար աշխատանք:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ նման քանակի գրքեր հրատատարակելն այնքան էլ վատ ցուցանիշ չէ:
«Գրքերում այն ամենն է, ինչ կապված է պատմամշակութային ժառանգության հետ և այն, ինչ մենք անում ենք մեր առօրյա գործունեության ընթացքում: Սա աշխատանք է, որը կարելի է համալրել»,-հավելեց նա:
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով` հայոց ճարտարապետությանը նվիրված բազմաթիվ աշխատություններ կան:
«Զարմանալի է, որ այսքան աշխատանք է կատարվել այս պայմաններում, երբ ամեն ինչ շատ դժվար է ու հատկապես հետաքրքիր գիտական նյութ հրամցնելն է դժվար: Գործընկերներս հպարտ կարող են զգալ իրենց, որ նման աշխատանք է կատարվում»,-շեշտեց նա` շնորհավորելով հրատարակությունների առթիվ և հույս հայտնելով, որ նմանատիպ աշխատանքները շարունակական կլինեն:
Գրքերի շնորհանդեսի ընթացքում Վլադիմիր Պողոսյանը Հայաստանի մշակութային քաղաքականության ձևավորման, հուշարձանների պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման գործում ունեցած ավանդի և գրահրատարակչական ակտիվ գործունեության համար Հայաստանի ազգային գրադարանի կողմից պարգևատրվեց «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով:
ՊՈԱԿ-ի հրատարակած գրքերի ցանկում կա գիտական հոդվածների ժողովածու, որտեղ արծարծվում են նյութական և հոգևոր մշակութային պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման հիմնահարցեր: Վերահրատարակվել է նաև Գրիգոր Չալխուշյանի «Կարմիր գիրք» աշխատությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Բորիս Պիոտրովսկին և հնագիտությունը» աշխատությունը հեղինակի տեսանկյունից անդրադարձ է Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրներին: Ֆրինա Բաբայանի և Աղավնի Ժամկոչյանի` «Ուրվագծեր հին Երևանի պատմության և հնգաիտության» գրքում էլ ներկայացված են 16-18-րդ դդ. Երևանի պատմության և հնագիտության հարցերը` 2003-ին Հանրապետության հրապարակում բացված շինությունների և հայտնաբերված հնագիտական նյութի հիման վրա:
«Իմ հիշողությունները» գրքում պատմաբան, տնտեսագետ-վիճակագիր, Ա- Դոյի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) հուշերն են՝ որ սկսած 1940-ական թվականների վերջից մնացել են անտիպ: Ինքնակենսագրական բնույթ ունեցող աշխատությունը տպագրվում է առաջին անգամ: Ներկայացնում է 1880-1920 թթ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական ու հերոսական իրադարձությունները: