Արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում աճել է 4.8 տոկոսով
ЭкономикаՀայաստանի տնտեսության արդյունաբերական ճյուղերն 2015թ. հունվար-սեպտեմբերին թողարկել են 948 մլրդ 317.6 մլն դրամի (մոտ 2 մլրդ 8 մլն ԱՄՆ դոլար) արտադրանք, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծացել է 4.8 տոկոսով:
Ինչպես Արմենպրեսը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում արձանագրվել է առավելագույն 40.5 տոկոս աճը՝ մինչև 2015թ. առաջին ինն ամիսների 164 մլրդ 427.4 մլն դրամի ցուցանիշ։ Իսկ մշակող արդյունաբերությունում արտադրության շարժընթացը բացասական է եղել 3.8 տոկոսով, ծավալը կազմել է 597 մլրդ 141.4 մլն դրամ. այստեղ արտադրվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 63 տոկոսը։
Դրան հակառակ, դրական շարժընթացով են բնութագրվում կոմունալ ենթակառուցվածքները. եթե էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում արտադրության ծավալը 2015թ. հունվար-սեպտեմբերին հասել է 171 մլրդ 332.6 մլն դրամի՝ ավելանալով 4.7 տոկոսով, ապա ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 15 մլրդ 416.2 մլն դրամ և 9.9 տոկոս։