Գյումրին մեկ օրով վերածվել է աբստրակտ արվեստի կենտրոնի
КультураԳյումրին հոկտեմբերի 31-ին վերածվել էր աբստակտ արվեստի կենտրոնի: Մեկ օրում երկու տարբեր ցուցահանդեսներ տարբեր պատկերասրահներում՝ ապացուցելու համար, որ արվեստի այս ճյուղը, թեև շատերի համար դեռ անհասկանալի է, բայց ունի հետևորդների մեծ բանակ:
«Ականաթ» գալերիայի «Աբստրակ արվեստ» ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում նպատակ ուներ ներկայացնելու այս ուղղությամբ ստեղծագործող հայ հայտնի արվեստագետների գործերը: Ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում ապրող և ստեղծագործող ութ արվեստագետների՝ Համլետ Հովսեփյան, Կարեն Մկրտչյան, Սամվել Հովհաննիսյան, Կամսար, Համբարձում Ղուկասյան, Գագիկ Մանուկյան, Եսայի Մեյրոյան և Աշոտ Հարությունյան: Նրանք բոլորն իրենց կարևոր դերն են ունեցել ուշ խորհրդային և անկախացման տարիների հայաստանյան արվեստի զարգացման մեջ:
Ինչպես տեղեկացրեց ցուցահանդեսի համադրող Արման Գրիգորյանը, այս արվեստագետները ոչ միայն ստեղծել են որակյալ ու բարձրարժեք արվեստի գործեր, այլև հսկայական ներդրում ունեն ժամանակակից արվեստի տարածման ու կրթական գործի կազմակերպման մեջ: «Ցուցահանդեսը նպատակ ունի հանրությանը ծանոթացնելու անկախության սերնդի լավատեսական ներշնչման ու իր երկրում ապրելու, մասնագիտական ասպարեզում կայանալու հաստատակամության բացառիկ դրսևորումների հետ»,-նշեց Արման Գրիգորյանը: Ցուցահանդեսը Գյումրիից բացի, ներկայացվելու է նաև Եղեգնաձորում և Երևանում:
Նույն օրը «Ստիլ» պատկերասրահում բացվեց նաև գյումրեցի երիտասարդ, բայց արդեն միջազգային տարբեր ցուցահանեդեսներում ներկայացված ու այս ոճում իր ուրույն ձեռագիրն ունեցող արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը: 2015 թվականի հուլիս-սեպտեմբերին Սարգիսը հրավիրվել էր Հայաստանը ներկայացնելու Ավստրիայի Հանրապետությունում անցկացվող KulturKontakt Artist in Residence միջազգային նախագծին: Սարգիս Հովհաննիսյանն իր ստեղծագործությունների միջոցով յուրօրինակ կապ է հաստատում անցյալի և ներկայի միջև: Այս ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետի այս ընթացքում ստեղծած աշխատանքները՝ լուսանկարներ, գրաֆիկական աշխատանքեր, աբստրակտ գործեր և այլն: