Ապադոլարիզացիային պրոցեսը գնաց
ЭкономикаՍեպտեմբերին Բելոռուսում կայացած ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետը առաջարկեց անդամ երկրների գործադիր մարմինների ղեկավարներին ռազմավարական նշանակության ապրանքների փոխադարձ առեւտուրն իրականացնել ռուբլով։ Այլ կերպ ասած, հրաժարվել դոլարի կիրառումից։
Հ.Աբրահամյանի այս նախաձեռնությունից ոչ շատ ժամանակ անց, ըստ էության, նույն խնդրին անդրադարձավ նաեւ Ռուսաստանի նախագահը։ Վ.Պուտինն անթույլատրելի հայտարարեց օտարերկրյա արժույթի օգտագործումը Ռուսաստանի վառելիքաէներգետիկ ոլորտում եւ հանձնարարեց վերջ տալ այդ պրակտիկային։
ՌԴ նախագահի խոսքով՝ ազգային արժույթը պետք է օգտագործել նաեւ այն երկրների հետ հարաբերություններում, որոնց հետ այդ ոլորտում ակտիվ առեւտուր է իրականացվում։ Ինչպես հայտնի է, այդպիսի երկրներից է նաեւ Հայաստանը։
Հատկապես ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստան վառելիքաէներգտիկ ապրանքների ներկրումը իրականացվում է հիմնականում Ռուսաստանից։ Եթե մինչ այդ բենզինը ներմուծվում էր տարբեր երկրներից, ապա արտահանման մաքսատուրքի վերացումից հետո այդ ապրանքատեսակը եւս շուռ եկավ դեպի ռուսական շուկա։
Վառելիքաէներգետիկ ներկրումները Ռուսաստանից Հայաստան հասնում են տարեկան ավելի քան 600 մլն դոլարի։ Սա ՌԴ-ից կատարվող ներկրումների կեսից ավելին է։ Այլ կերպ ասած, էներգակիրները լուրջ տեսակարար կշիռ ունեն Ռուսաստանի հետ արտաքին առեւտրաշրջանառության հարաբերություններում։
Թերեւս հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վարչապետ Հ.Աբրահամյանը առաջարկեց անցնել ազգային արժույթներով առեւտրին։ Իհարկե, Ռուսաստանի նախագահի հայտարարությունը վերաբերում է ավելի շուտ հաշվարկների իրականացմանը։ Սակայն դա ըստ էության ենթադրում է նաեւ ռուբլով պայմանագրերի կնքում, ինչից հետո այդ արժույթով վճարումներ կատարելը ընդամենը մեկ քայլ է։ Մի բան, ինչը բխում է նաեւ Հայաստանի վարչապետի նախաձեռնությունից։
Նշենք նաեւ, որ էներգակիրների առեւտուրը ռուբլու դաշտ տեղափոխելը պայմաններ կստեղծի ոչ միայն նվազեցնել դրանց ներքին սակագների կախվածությունը դոլարից, այլեւ կնպաստի տնտեսության դոլարիզացիայի մակարդակի կրճատմանը։ Այն հնարավորություն կտա ինչ-որ չափով դիվերսիֆիկացնել ֆինանսական միջոցների հոսքերը՝ փոքրացնելով դրանց բարձր կախվածությունը ամերիկյան արժույթից։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ