ՀՀ Նախագահի Համաշխարհային ՏՏ մրցանակի 2015-ի դափնեկիրը Եվգենի Կասպերսկին է
ОбществоՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակիրը «Կասպերսի լաբորատորիա» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին է:
Նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ , ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ այն առաջին մրցանակն է, որ տրվում է Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին:
Եվգենի Կասպերսկին կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ ու հաջողակ ձեռնարկատեր է: «Կասպերսկի լաբորատորիան» համարվում է կիբերանվտանգության լուծումների աշխարհի մեծագույն մասնավոր ընկերություններից մեկը: Այն ունի 40 տարածաշրջանային գրասենյակներ աշխարհի 200 երկրներում, այդ թվում` Հայաստանում:
2009 թվականի հուլիսի 6-ին ՀՀ Նախագահը ստորագրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հիմնադրման վերաբերյալ հրամանագիրը: Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել են կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:
Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից: