Իտալիայում կայացել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագ և խաչքարի օծում
ОбществоԻտալիայում նոյեմբերի 2-ին նշվող հանգուցյալների հիշատակի օրը Ասիզի քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս քահանայապետական բազիլիկ եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի էկումենիկ պատարագ` եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտիի գլխավորությամբ և հայր Գոլյիելմո Սպիրիտոյի ու Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի մասնակցությամբ: Պատարագին հայր Գոլյիելմո Սպիրիտոն խոսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդի մասին, իր համերաշխությունը հայտնել Հայ առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերի սրբադասմանը և մեջբերումներ է արել Դանիել Վարուժանի ստեղծագործություններից: Պատարագին դուդուկով հնչել են Կոմիտասի շարականներից՝ իտալահայ Արամ Իպեկջյանի կատարմամբ:
Պատարագից հետո կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված` Իտալիայում բնակվող հայ բարերար Արթուր Հակոբյանի նվիրաբերած խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարը տեղադրվել է Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու անմիջապես մուտքի մոտ և հայ մեծանուն քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկի՝ Սուրբ Էջմիածնում գտնվող խաչքարի կրկնօրինակն է: Օծման արարողությունը կատարել են Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտին և հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:
Խաչքարի վահանակի վրա գրված է. «Այս խաչքարը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի (1915-2015) կապակցությամբ՝ ի հիշատակ Սուրբ Նահատակների և որպես զգուշացում ապագա սերունդներին՝ ազգերի միջև խաղաղության մշակույթին նպաստելու համար: Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից՝ պարոն Արթուր Հակոբյանի մեծահոգի աջակցությամբ»:
Խաչքարի օծումից հետո ելույթներ են ունեցել Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտին և հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:
Դեսպան Սարգիս Ղազարյանը երախտիքի խոսք է ուղղել Ֆրանցիսկյան միաբանությանը՝ հայ ժողովրդի հանդեպ դրսևորած համերաշխության համար՝ նկատելով, որ Իտալիայում Հայաստանի դեսպանության, Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու և Իտալիայի հայերի միության համագործակցությամբ 2015թ. մարտից եկեղեցու տարածքում բացվել և շարունակում է գործել Կարեն Կոքչյանի հայկական եկեղեցիների ու վանական համալիրների, մշակութային կոթողների և բնապատկերների «Հայերը և Հայաստանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որն արդեն 2 մլն այցելու է ունեցել: Նա շնորհակալություն է հայտն ել նաև Արթուր Հակոբյանին և Իտալիայի հայերի միությանը՝ դեսպանության նախաձեռնություններին մշտական աջակցության համար:
Ելույթ ունեցողներն իրենց խոսքում կարևորել են անցյալի ցեղասպանությունների մասին հիշողությունը պահպանելու անհրաժեշտությունը՝ մարդկության դեմ նոր ոճիրները կանխարգելելու նպատակով: Դեսպան Սարգիս Ղազարյանը նկատել է, որ այդ հարցում անտարբերությունը, լռությունը և ժխտողականությունը մարդկության դեմ նոր ոճիրների պատճառ են դառնում: Նա խոսել է քրիստոնեության օրրան Միջին Արևելքում Իսլամական պետության կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ իրականացվող վայրագությունների մասին: Դեսպանը նաև հիշատակել է Սուրբ Հովհաննես Պողոս Եր կրորդի՝ 1986թ. Ասիզիում ասված` «Չկա խաղաղություն առանց արդարության» խոսքերը և հորդորել ներկաներին ջանք չխնայել պայքարելու այլատյացության և ժխտողականության դեմ: Դեսպան Սարգիս Ղազարյանը խոսել է նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման նպատակով միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության կողմից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարվող աշխատանքների մասին:
Էկումենիկ պատարագին և խաչքարի օծման արարողությանը ներկա են եղել Ասիզիի քաղաքապետ Կլաուդիո Ռիչին (Claudio Ricci), իտալական և եվրոպական խորհրդարանների անդամներ, քաղաքի հոգևոր, հասարակական ու քաղաքական շրջանակների, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հավատացյալներ: Դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույց է տվել տեղական ռադիոհեռուստատեսային ընկերությանը:
Ասիզիի Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկն է, ուր օրական բազմահազար ուխտավորներ ու զբոսաշրջիկներ են այցելում, և եկեղեցին տարեկան շուրջ 15 մլն այցելու է ունենում: Այն Իտալիայի և Եվրոպայի կաթոլիկ պահապան Սուրբ Ֆրանցիսկոսի պաշտամունքի հիմնական ուխտավայրն է, և այստեղ է սկիզբ առնում Միջազգային խաղաղության տարեկան երթը: