Կարեն Վարդանյանին չի գոհացնում ՀՀ տնտեսությունում տեխնոլոգիական լուծումների կիրառման մակարդակը
ОбществоԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Հայաստանի տնտեսության մեջ տեխնոլոգիական լուծումների կիրառման մակարդակը ցածր է գնահատում: Նրա խոսքով` Հայաստանը աշխարհում 60-րդ տեղում է տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառելու առումով, և դա ցածր ցուցանիշ է` հաշվի առնելով, որ ունենք ընկերություններ, որոնք կարողանում են լուրջ լուծումներով ապահովել արտասահմանին:
«Միակ ոլորտը, որ լայնածավալ կիրառում է տեխնոլոգիական լուծումները, հեռահաղորդակցությունն է, բանկային ոլորտն է որոշակիորեն կիրառում ու, թերևս, նաև հաշվապահությունը: Ըստ էության` մենք չենք կարողանում այդ լուծումները լայնորեն կիրառել ու մարդկանց կյանքը հեշտացնել»,- ասաց Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Կարեն Վարդանյանի դիտարկմամբ` նշյալ ոչ բարվոք իրավիճակը փոխելու ուղիներից մեկն էլ հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների տարածումն է: «Մարդիկ ներկայումս լայնորեն օգտվում են հեռահաղորդակցության ծառայություններից, մասնավորապես, ինտերնետից, որը զուգահեռ բերում է բիզնեսի զարգացմանն ու Հայաստանի հեռավոր շրջաններում ՏՏ ընկերությունների հիմնադրմանը: Մենք այսօր ձեռնարկություններ ունենք Կապանում, Գորիսում, Հրազդանում, Իջևանում, Վանաձորում, Գյումրիում: Դա սոցիալական խնդիր է լուծում. սահմանապահ շրջաններից երիտասարդները չեն գալի ս Երևան, այլ իրենց բնակավայրերում ստեղծում են ընկերություններ»,-նկատեց բանախոսը:
Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-14-ին Դիլիջանում կկայանա ավանդական դարձած Բիզնես-ինովացիոն ֆորումը, որի ժամանակ կքննարկվեն հարցեր, թե ինչպես զարգացնել ինովացիոն ոլորտը Հայաստանում: «Հետաքրքիր հյուրեր ունենք Իսրայելից, այժմ մեզ համար շատ կարևոր է օտարերկրյա փորձը հասկանալ, որպեսզի ուրիշների կատարած սխալները չկրկնենք»,-եզրափակեց Կարեն Վարդանյանը: