Քաղաքացուց հօգուտ պետբյուջեի 100 դրամ բռնագանձելու ԴԱՀԿ որոշումը (լուսանկար)
ОбществоԱյսքան ուրախ կյանքը մեզ տեսնես ո՞վ է պարգևել: Խոսքը ոչ թե խորհրդային տարիներին հայտնի բանաստեղծության մեջ հիշատակվող անձի, այլ մեր բոլոր վարորդների ու նրանց ընտանիքների կողմից վերջին տարիներին հաճախ հիշվող ու «սիրելի» դարձած ԴԱՀԿ ծառայությանն է վերաբերում:
Խնդիրն այն է, որ ֆեյսբուքյան օգտատեր Արա Գյոզալյանն իր ֆեյսբուքյան էջում ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի մի որոշում է հրապարակել, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Արա Գյոզալյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 100 դրամ»:
Ի դեպ, որոշման մեջ նշված է նաև, որ այդ բռնագանձման ենթակա 100 դրամ «գումարը» պետբյուջե հասցնելն էլ կազմում է 50 դրամ, որը նույնպես պետք է բռնագանձվի Ա.Գյոզալյանից:
Ամենազավեշտալին այն է, սակայն, որ ԴԱՀԿ աշխատակից, արդարադատության լեյտենանտի կոչումով հարկադիր կատարող Արմեն Պետրոսյանն, ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ ուսումնասիրելով ճանապարհային ոստիկանությունից ստացված 100 դրամի չափով բռնագանձման մասին գրությունը, չի ալարել ու վարույթ է հարուցել, դեռ ավելին, բռնագանձման ենթակա գումարից մի քանի անգամ ավել գումար էլ ծախսել, որ Արա Գյոզալյանի գույքի և բանկային հաշվի վրա արգելանք կիրառելու որոշում կայացնի, այն գրի, ստորագրի և դեռ մի բան էլ այդ գույժ-«նամակը» փոստով տիրոջն ուղարկի:
Այս պահին ամենաշատը, որ կարելի է երազել, պետական բյուջեն 100 դրամով համալրելու մասին այդ դարակազմիկ որոշումն ընդունած արդարադատության լեյտենանտ Արմեն Պետրոսյանի դեմքի արտահայտությունը ֆիքսելը կարող էր լինել: Բայց, ափսոս, այդ պահը էլ չենք կարող տեսնել: Մեզ մնում է տեսնել, կարդալ, հիանալ ու հպարտանալ, թե ինչքան զգոն ու նվիրված պետական պաշտոնյաներ ունենք, որոնք նույնիսկ զավեշտի աստիճանի հասնող նվիրումով կարող են աշխատել ու օրենքի տառին հավատարիմ գործունեություն ծավալել՝ առանց մտածելու, որ երթուղայինի մեկ տոմսի չափ գումար սեփական գրպանից պետբյուջե վճարելն ավելի հեշտ կլիներ, քան այդքան թուղթ-թանաք ու ժամանակ ծախսելը:
Բայց երկիրը հենց այս նվիրյալների շնորհիվ է երկիր դառնում, իսկ 100 դրամներն էլ գետնին թափված չե՞ն, որ անտեսեն ու բյուջեն «չհամալրեն»:
Մնում է հավելել, ԴԱՀԿ, դու անկրկնելի ես ու հայոց նորագույն պատմության էջերում դեռ երկար կհիշատակվես:

Արմինե Գրիգորյան