Տարբեր տեսակի վարկանիշային հարցումների ու գելափ-մելափների մասին
АналитикаԱռաջին անգամ նախագահ ընտրվելիս Լևոն Տեր-Պետրոսյանն ահռելի բարձր ռեյտինգ ուներ: 1996-ին այդ ռեյտինգից բան չէր մնացել: 1998-2007 ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին հիշում էին նրա մտերիմները, ՀՀՇ-ից մի 6-20 հոգի, մեկ-մեկ Ժամանակ թերթը, չորս ամիսը մեկ դաշնակները՝ վատ երազում:
2008-ին Տեր-Պետրոսյանը կրկին ահռելի ռեյտինգ ուներ: 2009-2011 նվազման միտումով, բայց կայուն ռեյտինգ կար: Հիմա Տեր-Պետրոսյանը շատ քիչ ռեյտինգ ունի: Բայց շարունակում է գործոն լինել` թեկուզ քիչ ռեյտինգով, ու չի բացառվում իրերի որևէ դասավորությամբ կամ (Աստված երկար տարիների կյանք տա) հետմահու ունենա էլի ահռելի ռեյտինգ:
Քոչարյանը Հայաստան գալուց ռեյտինգ չուներ: Ընկալվում էր որպես գործավար, հետո ՝ անգլիական թագուհի, հետո ՝ շինարար, հետո արյունարբու մարդասպան: Դրա հետ մեկտեղ բոլորը Քոչարյանին հիշում են նաև որպես միակ նախագահ, ում ժամանակ երկրում փող էր «ֆռում»: Իրերի որևէ մի դասավորության դեպքում այս հատկանիշներից մեկը կամ մյուսը կարող է «դառնալ» հիմնական, մյուսները` «մոռացվեն»:
Սերժ Սարգսյանը ռեյտինգ շատ քիչ ունի: Բայց 1996-ից սկսած` Հայաստանի քաղաքական կյանքում դերակատարում ունի: Ունի ահռելի ազդեցություն ու վերահսկողություն: Մարդիկ թերևս հայ քաղաքական գործիչներից ամենաշատը Սերժին չեն սիրում, բայց դա ոչ մի բան չի փոխում, մարդը թե' ներսում, թե' դրսի համար հիմնական դոմինանտ խաղացողն է:
Րաֆֆի Հովհաննիսյանը 2013-ի փետրվար-մարտին ուներ ահռելի ռեյտինգ: Հիմա Փարպեցի փողոցի ցանկացած անկանոն թրաշով ու Չէ Գևարայի մայկով բառմեն ավելի շատ ռեյտինգ ունի, քան Րաֆֆին:
Շարքն անվերջ է, Հայաստանից դուրս էլ հազարներով օրինակներ կարելի է բերել:
Ռեյտինգը կարելի է ուղարկել որևէ ինքնահռչակ գրողի ծոցը, երբ չի ներկայացվում, թե ինչ հարցաթերթերով, ինչ մեթոդաբանությամբ ու ընտրանքով, ինչ կոնտեքստում է պարզվել ու որոշվել:
Քաղաքականությունը հո՞ հայ էստրադայի թոփ տասնյակ չի, որ թիթիզիկների ճաշակով ու սմսով որոշվի` արդյոք այս ամիս Անդրեի Սոնե լելե երգն էր ավելի շատ լսվել, թե Արամեի Առավոտը: Քաղաքականությունում անընդհատ իրավիճակներ են փոխվում, մի դերակատարը մի վիճակում կարող է ունենալ ահավոր ազդեցություն, մյուսում՝ զրոյական:
Եվ այս կոնտեքստում ժամանակ առ ժամանակ տարբեր թեմաներով դաշտ նետվող վարկանիշային տվյալները բացի ոչ պրոֆեսիոնալիզմից ու պահի քարոզչական նկատառումով արվող քայլից ունեն մի հոռի բան ևս. ոչ մի կերպ չեն պատկերում ու վերլուծում գոյություն ունեցող իրավիճակն ու միտումները:
Լևոն Մարգարյան
Orer.am, վերլուծաբան