Գեղարքունիքի համայնքներում 2016 թվականի հունվարից ներդրվելու է ներքին աուդիտի ծառայություն
ОбществоԳեղարքունիքի մարզի 92 համայնքներում, օրենքով սահմանված կարգի համաձայն, 2016 թվականի հունվարի 1-ից ներդրվելու է ներքին աուդիտի ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդատու, «Գարանտ աուդիտ» ընկերության տնօրեն Նաիրի Սարգսյանը:
«Ամեն համայնքապետարան պետք է ունենա իր ներքին աուդիտորը: Դա բխում է եւ օրենքի պահանջներից, եւ ՏԻՄ ոլորտում հաշվապահական հաշվառումը եւ գնումների գործընթացը օրենքով սահմանված կարգով վարելու անհրաժեշտությունից: Համայնքի ղեկավարների հայեցողությամբ կարող են ընդունվել ինչպես հաստիքային աշխատողներ,այնպես էլ պայմանագրեր կնքվել լիցենզավորված կազմակերպությունների հետ, ովքեր իրենց ծառայություններն են առաջարկում:
Լիցենզավորված կազմակերպությունները համեմատաբար էժան գներով աուդիտորական ծառայություն մատուցելու հետ մեկտեղ, պարտավորվում են մատուցել նաեւ իրավաբանական խորհրդատվության անվճար ծառայություններ: Ներքին աուդիտորական ծառայության մատուցման դիմաց իրականացվող վճարման չափը սահմանված է ամսական 10 հազարից մինչեւ 80 հազար դրամը` կախված համայնքի բնակչության քանակից եւ բյուջետային ծախսերի չափից:
«Մեր նախնական դիտարկումներով` Գեղարքունիքի մարզում մի քանի համայնքներ են համապատասխանում սահմանված առավելագույն չափին, մնացած համայնքները տեղավորվում են նվազագույնի կամ միջինի սահմաններում»-նշեց Նաիրի Սարգսյանը:
Խորհրդակցության ընթացքում Նաիրի Սարգսյանն օրվա թեմայի շրջանակներում պարզաբանեց համայնքի ղեկավարների կողմից բարձրացված հարցերը:
Խոսրով Խլղաթյան