Հայաստանի քաղավիացիան մեկնաբանում է ապակու ճեղքով օդանավի թռիչքի հետաձգման լուրը
ОбществоԵրևան-Վիեննա չվերթը նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա հայտնաբերված ճեղքի պատճառով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը` նշելով, որ դա, սակայն, պետք չէ որակել որպես արտակարգ դեպք: Նրա գրառման համաձայն` «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը և առհասարակ նոյեմբերի նախորդ օրերին ու հոկտեմբերին, ինչպես նաև մյուս ամիսներին ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել: «Ամեն րոպե աշխարհում տասնյակ չվերթներ են ուշանում և չեղարկվում` ոչ թե արտակարգ, այլ աշխատանքային և ընթացիկ լուծվող խնդիրների պատճառով»,-գրել է նա:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օդային փոխադրումների ոլորտում մի քանի պատահարներ են գրանցվել: Մասնավորապես, ամենախոշորը հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող Airbus-321 ինքնաթիռի վթարն է, որի հետևանքով մահացել են ինքնաթիռի 217 ուղևորներն (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամները:
Նոյեմբերի 4-ին էլ տեղեկություն տարածվեց, որ Հարավային Սուդանում կործանվել է AN12 բեռնատար ինքնաթիռը, որի անձնակազմի բոլոր անդամները ՀՀ քաղաքացիներ են: Հայտնի է դարձել նաև, որ օդանավը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից: Ականատեսները վկայությամբ` 40-ից ավելի մարմիններ են եղել փոխադրական ինքնաթիռի կործմանման վայրում: Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ օդանավում եղել Է շուրջ քսան մարդ, այդ թվում՝ 10-ից մինչեւ 15 ուղեւորներ եւ անձնակազմի հինգ անդամները:
Նույն օրը Ղրիմում փոքր չափի անհատական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով չորս մարդ է զոհվել: «Սեսնա» մակնիշի անհատական ինքնաթիռն օդ է բարձրացել Կոկտեբել ավանի մոտակայքում, սակայն դեռեւս չպարզված հանգամանքներում սարքը կտրուկ կորցրել է բարձրությունը եւ բախվել գետնին: