Ժամանեց Տուլայում վթարից տուժած 33 քաղաքացիներին և 8 զոհերի աճյունները տեղափոխող օդանավը
ОбществоՌուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթի օդանավը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Օդանավում Տուլայի մոտ տեղի ունեցած` Մոսկվա-Երեւան ավտոբուսի սարսափելի վթարից տուժածների մի մասն է, ութ զոհերի մարմինները, զոհերի հարազատներ, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության պատվիրակությունը, որի կազմում են Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Օդանավը դիմավորում են տուժածների հարազատները, մտերիմները եւ ընկերները, Երեւանի՝ հայրենակիցների համար մտահոգ քաղաքացիներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Շտապօգնության» մի քանի մեքենա։
Անմիջապես օդանավից 8 տուժածի կհասցնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն։ ԱԻՆ-ի հատուկ չվերթի օդանավով ժամանող մյուս ուղեւորները, բարեբախտաբար, չեն տուժել վթարից եւ կուղեւորվեն տուն։
Տուլայի մարզի հիվանդանոցներում դեռեւս 12 մարդ կա ծանր եւ բավարար վիճակում։
Նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել։ Յոթ մարդ զոհվել է։ Եվս մեկը մահացել է հիվանդանոցում։
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։