Տուլայի վթարին զոհ գնացած չորս գեղարքունիքցիներին հուղարկավորում են հայրենի բնօրրաններում
ОбществоՌԴ Տուլայի շրջանում վթարի ենթարկված ուղեւորատար ավտոբուսի ութ զոհերից չորսը ծնունդով Գեղարքունիքի մարզից են, ովքեր տուն էին վերադառնում արտագնա աշխատանքից: Զոհերից երկուսը հուղարկավորվելու են Գեղամավան գյուղում, մեկը` Սեւան քաղաքում, մեկը` Ներքին Գետաշեն գյուղում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղամավանիգյուղապետ Մնացական Վարդանյանը, Գեղամավանի բնակիչներ Հրաչիկ Բադալյանը եւ Գագիկ Մանուկյանը տուն էին վերադառնում արտագնա աշխատանքից: Հրաչիկ Բադալյանը 34 տարեկան էր, ունի մեկ աղջիկ, իսկ օրեր անց պետք է ծնվի նրանց երկրորդ` տղա երեխան: Գագիկ Մանուկյանն ունի երկու երեխա եւ սպասում էր առաջին թոռնիկի լույս աշխարհ գալուն: Արմատներով գեղամավանցի է նաեւ վթարի մեկ այլ զոհ, Չարենցավանում բնակվող Վարուժան Ստեփանյանը: «Գյուղը սգում է իր զավա կների մահը: Նրանց հուղարկավորությունները տեղի կունենան շաբաթ եւ կիրակի օրերին»,-նշեց գյուղապետը:
Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանիտեղեկացմամբ` վթարից զոհված, Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Արտաշես Հովհաննիսյանն ունի երկու անչափահաս տղա երեխա: Արտաշեսի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը: Ներքին Գետաշենի բնակիչ Գեւորգ Իսպիրյանն էլ ծանր վնասվածքներ ստացածների թվում է:
Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանի տեղեկացմամբ` Գեղարքունիքի մարզի չորրորդ զոհը Սեւան քաղաքի բնակիչ, 45 տարեկան, երկու երեխաների հայր Հայկ Հովհաննիսյանն է, ում հուղարկավորելու են նոյեմբերի 6-ին:
Խոսրով Խլղաթյան