Հունվար-հոկտեմբերին Հայաստանում սպառողական գներն աճել են 4.4 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա հունվար-հոկտեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 4.4 տոկոսով. սպառման ապրանքների գների ինդեքսը կազմել է 105 տոկոս, պարենային ապրանքներինը` 104.3 տոկոս, ոգելից խմիչքինը և ծխախոտինը`101.9 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 105.9 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում 2014թ. առաջին տասն ամիսների համեմատ սակագների ինդեքաը կազմել է 103.1 տոկոս: 2015թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.02 տոկոս հավելաճ):
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.6 տոկոս գնանկումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների ու սակագների, համապատասխանաբար, 1.0 տոկոս և 0.1 տոկոս հավելաճ:
Այս տարվա հոկտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 97.6 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 92.5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.7 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 101.2 տոկոս:
2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.9 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 99.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 105.8 տոկոս, ծառայությունների սակագներինը` 101.7 տոկոս։
Հանրապետության դիտարկվող 11 քաղաքներից 10-ում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 1-ից 0.2 տոկոսով, իսկ մեկում գրանցվել է 0.1 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.4 տոկոս-ով: