Հովիկ Աբրահամյանի բամփելուց հետո Ծառուկյանի ամենասիրելի կենացը Սերժ Սարգսյանի կենացն է
Политика«Հրապարակ» թերթը գրում է, թե իր թոռների կնունքի ժամանակ ծանր ու մեծ ոտքի է կանգնել Հովիկ Աբրահամյանը, բաժակ բարձրացրել, դիմելով խնամի-քավոր Գագիկ Ծառուկյանին. «Նիկոլայիչ ջան, ես հիմա քո ամենասիրած կենացն եմ խմում, որը դու ես միշտ խմում, մեր երկրի նախագահի՝ Սերժ Սարգսյանի կենացը: Ժողովուրդ ջան, ուզում եմ բոլորիդ ասեմ-զգուշացնեմ, որ իմանաք, փողը, պաշտոնը, դիրքը, հաջողությունը՝ էդ ամեն ինչն անցողիկ, ժամանակավոր ու հեչ բաներ են, կարեւորը, որ մենք բոլորս մեր նախագահի կողքը պետք է կանգնած լինենք՝ բոլոր հարցերում, ու աջակցենք նրան»: Ու առաջարկել է հոտընկայս «խմել էդ սուրբ կենացը»:
Հետաքրքիր է՝ Հովիկ Աբրահամյանի բամփելուց հետո՞ Սերժ Սարգսյանի կենացը դարձավ Նիկոլայիչի ամենասիրած կենացը, թե՞ Հայրենիքը կրկեսի վերածելուց հետո...
Իսկ միգուցե այն բազմահազար խնդիրները և չարիքները, որոնք, ըստ Ծառուկյանի ոսկեղենիկ հայերենի, բացառապես Սերժ Սարգսյանի մեղքով է եղել, լուծվե՞լ են: Որքա՞ն պլինտուսից ցածր գործունեություն պետք է ծավալել՝ մի մարդու կենացը ամենասիրելին համարելու համար, ով բառացիորեն ամիսներ առաջ անխնա քննադատության էր ենթարկվում ընդդիմադիր առյուծի կողմից...
Ահա Ծառուկյանի հնչեցրած գնահատականների ոչ ամբողջական փաթեթը Սերժ Սարգսյանի հասցեին: Իսկ այժմ ոչ մի խոսք այն մասին.
թե ինչու իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան իր ու իր նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները,
թե ինչու է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել,
թե ինչու է երկիրը քամվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից,
թե ինչու է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ,
թե ինչու են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը և ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել,
թե ինչու է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարվածությունն ու ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին,
թե ինչու են Թուրքիան ու Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարհանքով են խոսում Հայաստանի մասին
թե ինչու է ԵԽԽՎ–ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին,
թե ինչու Նաիրիտ գործարանի հաշվին դուրս գրված հարյուր միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել է, իսկ հազար յոթ հարյուր մարդ հայտնվել է փողոցում:..
Այս հարցերը, ըստ երևույթին, Հայաստանում այլևս լուծված են: Թե չէ ինչու՞ այս ամենը հնչեցրած մարդը այդ երևույթների պատճառի կենացը պետք է համարի ամենասիրելին...
Գաղտնիքը, ըստ երևույթին, Հովիկ Աբրահամյանի մեջ է թաքնված: Իր վարչապետության շրջանում երևի նրա թուր կեծակին մի վայրկյանում ջախջախել է այդ բոլոր խնդիրները: Ո՞նց հնարավոր էր սիրելի խնամու սիրտը կոտրել և երկիրը այդպիսի անտերության մատներ: Ճիշտ է, Վարդան Մինայիչն ու Ռոբերտ Սեդրակիչը մի քիչ փնթփնթում են, բայց դե ու՞մ նախկինները չեն փնթփնթում: Կարևորը՝ երկրի հարցերը լուծված են ու հանգիստ խղճով կարելի է խմել սիրելի Նախագահի կենացը:
Իսկ ես խոսքս ուզում եմ եզրափակել Արգամիչի ոգով.
«Նիկոլայիչ ջան, ես հիմա քո ամենասիրած կենացն եմ խմում, որը դու ես միշտ խմում, մեր երկրի նախագահի՝ Սերժ Սարգսյանի կենացը: Թքած, թե հիմա քո մասին մարդիկ ինչ են խոսում ու մտածում: Կարևորը արդեն դու այնտեղ ես՝ իրենց կողքին, և դու շատ ուրախ ես, որ այսօր այնտեղ ես՝ իրենց կողքին կանգնած»...
Հ. Գ. Իվանիշվիլուն կբարևեք...
Վարուժան Բաբաջանյան