Շիրակի մարզում ավելանում են ցանքատարածությունները
ЭкономикаՏարեց տարի Շիրակի մարզում ավելանում են ցանքատարածությունները: Ավելացումն իրականացվում է մեծ տեմպերով` տարեկան 1-2 հեկտարով, սակայն սա ևս կարևոր է մարզի գյուղատնտեսության համար:
Մարզում այս պահին աշնանացանն ավարտված է: Արդեն գրանցված է շուրջ 24 հազար հեկտար աշնանացան: Սակայն, կան ֆերմերային տնտեսություններ, որոնք կարտոֆիլի բերքահավաքից հետո ևս իրականացնում են ցանք, սա նույնպես լրացուցիչ հեկտար կգրանցի: Ընդհանուր առմամբ, աշնանացանի վերջնական արդյունքները կամփոփվեն դեկտեմբերին:
Հանրապետության հացի շտերմարան համարվող Շիրակը հեկտարներն ավելացնում է ցորենի ցանքատարածությունների հաշվին: Այս մասին «Արմենպրես»-ին վստահեցրեց Շիրակ մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը: «Հիմնականում այդ աճը ցորենի ցանքատարածությունների հաշվին է: Դա այն պատճառով է, որ մարզը մասնագիտացված է ցորենի արտադրության մեջ: Վերջին 3 տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ 90 տոկոսը աշնանացան ցարենի ցանքատարծություններն են, որոնք տարեց տարի աճ են գրանցում: Աճ գրանցվ ում է նաև բազմամյա խոտաբույսերի ցանքերում: Կարտոֆիլը, բանջարանաբոստանային մշակաբույսերը և գարու ցանքատարածություններն գրեթե նույն ցուցանիշներն են պահպանում: Ցորենի արտադրության ծավալների ավելացումը «Սերմնարտադրության և սերմնաբուծության» պետական ծրագրի շնորհիվ է հիմնականում ավելանում»,-նշեց պատասխանատուն` հպարտությամբ տեղեկացնելով, որ վերջին տարիներին մարզը ոչ միայն իր հացահատիկի բարձրորակ սերմնացուի խնդիրն է լուծում, այլ նաև հարևան Արագածոտնի, Լոռու և Գեղարքունիկի մարզերի:
Պատասխանատուն նաև փաստեց, որ այս շրջանում, եթե ֆերմերային տնտեսությունների կողմից վար է իրականացվում, ապա դա գարնանացանի նախապատրաստական աշխատանքերի համար է: «Հողը վարվում է, թողնում են, որ մնա ձյան տակ, որպեսզի փխրուն լինի՝ գարնանացան կատարելու համար: Ընդհանուր առմամբ, այս դեպքում արդյունավետությունն ավելի մեծ է և մեծ առավելություն ունի հետագա բերքատվության վրա՝ մոտ 20-25 տոկոսի ավելացում: Այս պահի մարզում միայն ու միայն գարնանացանի նախացանքային աշխատանքերն են իրականացվում»,-ավելեցրեց Մովսես Մանուկյանը:
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետից ճշտեցինք նաև մարզում բերքի իրացման հետ կապված խնդիրները: Պատասխանատուն վստահեցրեց, որ միակ մշակաբույսը, որն իրացման խնդիր ունի, սեղանի ճակնդեղն է, բայց, ի համեմատություն, օրինակ, Գեղարքունիկի մարզի, այն շատ չէ: «Շատ ֆերմերային տնտեսություններում ունենեք կուտակված բավական մեծ քանակի ճակնդեղ, ընդհանուր 1500-2000 հեկտարի բարձր որակի, որը հիմնականում կապված է վրացական շուկայի «պասիվության» հետ: Նախորդ տարի նույն ժամանակաշրջանում բավական լավ արտահանում ենք ունեցել և այդ խնդիրը չկար»,-նշեց Մովսես Մանուկյանը՝ հավելելով, որ մարզի Ախուրյանի տարածաշրջանում կան սեղանի ճակնդեղի արտադրության ուղղությամբ մասնագիտացված համայնքներ՝ Կամո, Կառնուտ, Շիրակ, որտեղ և առկա է այդ խնդիրը:
Արմենուհի Մխոյան