Հայկական ծխախոտը մեծ պահանջարկ է վայելում միջազգային շուկայում
ЭкономикаՀայկական ծխախոտները մեծ պահանջարկ են վայելում միջազգային շուկայում: Այս մասին Արարատի մարզ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերության գործադիր տնօրեն Լուսինե Գևորգյանը: «Մեր ընկերությունը շարունակում է նոր շուկաներ գրավել: Մենք արդեն արտահանում ենք իրականացնում Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Բելգիա: Մեր արտադրանքը պահանջված է թե Միջին Արևելքի երկրներում, թե Ռուսաստանում ու ԱՊՀ այլ երկրներում, թե Եվրոպայում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ընդգծեց Գևորգյանը` հավելելով, որ ընկերության արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է:
Ընկերությունը նախորդ տարվա համեմատ ավելացրել է արտահանման ծավալները: 2014թ. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն արտահանել է 1 միլիոն 63 հազար 139 արկղ ծխախոտ, իսկ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ արդեն 1 միլիոն 200 հազարից ավել տուփ ծխախոտ է արտահանվել:
2010-2015թթ ընթացքում ընկերությունում կատարվել 14.5 միլիոն դոլարի ներդրում` նոր սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերելու նպատակով: Ընկերությունն ունի 1330 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 172 հազար դրամ:
Լուսինե Գևորգյանը նաև հավելեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ավելի է հեշտացնում ընկերության աշխատանքը: Նրա խոսքով` միության անդամ երկրներում հայկական ծխախոտի արտահանումն ավելի է հեշտացել, ինչը նաև նպաստել է արտահանման ծավալների աճին: