«Սպայկա» ընկերությունն այս տարի կրկնապատկել է հայկական գյուղմթերքի արտահանման ծավալները
ЭкономикаՀայկական մթերքների արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը 2015թ. մոտ երկու անգամ ավելացրել է արտահանման ծավալները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
«Մենք արդեն ավելի քան 24 հազար տոննա գյուղմթերք ենք արտահանել այս տարի, ինչը երկու անգամ ավել է անցյալ տարվա արտահանման ծավալներից: Այս տարի մենք նախատեսում ենք շահագործման հանձնել վերամշակման նոր արտադրամաս, որի շնորհիվ հնարավոր կլինի մթերել 15-20 հազար տոննա վերամշակված թարմ պտուղ-բանջարեղեն»,- ընդգծեց Կարեն Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ընկերությունը մեծ ակնկալիքներ ունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից:
«Տեսնելով դրա ազդեցությունը մեր գործունեության վրա` կարծում ենք, որ մյուս տարի ևս հնարավոր կլինի ավելացնել արտահանման ծավալները: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության արդյունքում մոտ 10 տոկոսով կրճատվել է բեռնափոխադրումների վրա իրականացվող ծախսը:
Դա միջազգային շուկաներում հայկական ընկերություններին լուրջ մրցակցային առավելություններ տվեց: Մեզ համար հնարավորություն է ստեղծվել նոր շուկաներ մտնել: Խոսքը Ղազախստանի, Բելառուսի. Հիմա նաև Ղրղզստանի մասին է»,- հավելեց Կարեն Բաղդասարյանը:
Ընկերությունը չի սահմանափակվում հայկական ապրանքները միայն Եվրասիական տնտնեսական միության անդամ երկրներ արտահանելով: Կարեն Բաղդասարյանը նշեց, որ այս տարվանից ընկերությունն արտահանումներ է իրականացրել նաև Եվրոպա, մասնավորապես Արևելյան Եվրոպայի երկրներ: «Մինչև տարվա վերջ պայմանագրեր են կնքվելու եվրոպական խոշորագույն ցանցերի հետ»,- ասաց Բաղդասարյանը:
«Սպայկա» ընկերությունն այս տարի հիմնականում արտահանել է կաղամբ, ծիրան, խաղող, դեղձ, խնձոր, այն հիմնական կորիզավորները, որոնք Հայաստանից արտահանվում են: «Ընկերություն նաև նոր ծրագրեր է իրականացնում: Օրինակ, թարմ վաղահաս կարտոֆիլը, որը Հայաստանի երբեք չէր արտահանվել, մենք մինչև հունիս 1 տոննա վաղահաս կարտոֆիլ ենք արտահանել»,- նշեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավարը:
Հայկական ապրանքների պահանջարկը միջազգային շուկայում ավելի մեծ է, քան Հայաստանից արտահանվում է: Կարեն Բաղդասարյանը նկատում է, որ որակի համապատասխան չափանիշներն ապահովելու դեպքում հնարավոր կլինի Հայաստանից արտահանումը ավելացնել առանց լուրջ ենթակառուցվածքային փոփոխությունների: