Տուլայում մահացած 68-ամյա կնոջ մարմինը վաղը կտեղափոխվի Երեւան
ОбществоՏուլայի մոտ Մոսկվա-Երեւան վթարի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած եւ նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացած, 68-ամյա կնոջ աճյունը Երեւան կտեղափոխումը նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ի սահմանում Մոսկվայի «Դոմոդեդովո օդանավակայանից»:
Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
«Առաջատար մասնագետների հետ բազմաթիվ խորհրդակցություններից հետո Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած Կիրեեւսկի բժշկական կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկը, որն ունի բազմաբեկորային լուրջ վնասվածքներ ելնելով տեղափոխման հետ կապված ռիսկերից բուժումը կշարունակի ոչ թե Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում, այլ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում: Տուլայից հիվանդի ռեանիմոբիլով տեղափոխման աշխատանքները կազմակերպվել են Տուլայում ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ իր տեղակալ Գագիկ Միրիջանյանի ղեկավարությամբ ձեւավորված աշխատանքային խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Տուլայի հայ համայնքի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող հիվանդներից մեկը` հարազատների ցանկությամբ արդեն տեղափոխվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալ:
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժվող տուժածներից երկուսը` առողջացումով դուրս են գրվել: Այս պահի դրությամբ բուժումը Տուլայում շարունակում է հինգ հիվանդ: Նրանց առողջական վիճակը կայունացել է, առկա է դրական տեղաշարժ: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող բազմաթիվ կոտրվածքներ ունեցող երեք հիվանդներից մեկն անջատվել է արհեստական շնչառության սարքից, ինքնուրույն է շնչում: Մեկ այլ հիվանդի նոյեմբերի 9-ին կկատարվի կոնքի ոսկրերի եւ անրակի վիրահատություն:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից շարունակվում են համակարգվել Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության եւ Հայաստան տեղափոխման աշխատանքները»,-ասվում է հաղորդագրությունում: