Կապան-Մեղրի ճանապարհահատվածի երթևեկությունը միակողմանի է
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 7-ին` ժամը 17.47-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է օգնություն: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-17 ավտոճանապարհի Կապան-Մեղրի հատվածում (42-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1900 խմ ծավալով): Փրկարարները սահմանազատել են տարածքը: «Մեղրի ՃՇՇ» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կիրականացվեն նոյեմբերի 8-ին:
Նոյեմբերի 8-ին` ժամը 07.32-ին, դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Ժամը 08.57-ից «Մեղրի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով իրականացնում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ: Ժամը 09.32-ի դրությամբ ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: