Հաջողության տանող 9 փոփոխություն, որոնք պետք է իրագործել 30 տարեկանում
LifestyleTert.am-ը գրում է.
Երիտասարդ տարիքում բուռն և ոչ ճիշտ կենսակերպով ապրում են շատերը, սակայն 30 տարեկանի շեմը հատելուց հետո անհրաժեշտ է անցյալում թողնել վնասակար սովորությունները, լուրջ փոփոխություններ անել կյանքում ու դրանց միջոցով փորձել նոր նվաճումների հասնել:
The Business Insider կայքն ուշագրավ անդրադարձով ներկայացրել է 9 կարևոր փոփոխություն, որոնք կարևոր նախապայման են առողջության, նյութական վիճակի և անձնական կյանքի բնագավառներում հաջողության հասնելու համար.
1. Թողեք ծխելը
Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ մինչև 40 տարեկանը ծխելը թողած մարդիկ 90 տոկոսով ավելի քիչ են հակված այդ վնասակար սովորության հետևանքներից մահանալուն:
2. Վերջ տվեք Ձեզ մյուսների հետ համեմատելուն
Անընդհատ հետ նայելով ու ուրիշների հետ Ձեզ համեմատելով` լուրջ հաջողությունների չեք հասնի: Փոխարենը վերջնականապես կողմնորոշվեք թե որն է Ձեր բուն նպատակն ու հստակ քայլեր ձեռնարկեք դրան հասնելու համար:
3. Մի փորձեք բոլորին գոհացնել
Սովորեք Ձեր թանկագին ժամանակն ու էներգիան խելամիտ ծախսել: Ավելի շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ, ում կողքին Ձեզ լավ եք զգում:
4. Հստակեցրեք քնելու և արթնանալու ժամերը
Ըստ մասնագետների՝ ամեն օր տարբեր ժամերի քնելն ու արթնանալը խախտում է մարդու կենսաբանական ժամացույցը, ինչը վատ է անդրադառնում առողջության վրա:
5. Կանոնավոր կերպով մարմնամարզությամբ զբաղվեք
30 տարեկանից հետո մարդիկ սկսում են կորցնել մարմնի մկանային զանգվածը, ուստի անհրաժեշտ է ամեն օր ֆիզիկական վարժություններ անել:
6. Օրագիր պահեք
Ամեն օր մի քանի րոպե տրամադրեք անցած օրվա ամենահետաքրքիր պահերը գրանցելուն: Դա կօգնի Ձեզ ավելի թեթև տանել ճգնաժամային իրավիճակները, ինչպես նաև հաճելի հուշեր կպահի ապագայի համար:
7. Գումար տնտեսեք
Երբեք մի կարծեք, որ լավագույն տարիները դեռևս առջևում են: Հնարավորության դեպքում սկսեք գումար տնտեսել` ապագայում սպասվող նյութական դժվարություններին ավելի պատրաստված լինելու համար:
8. Իրագործեք Ձեր կյանքի գլխավոր երազանքը
Որոշեք, թե որն է Ձեր ամենաբաղձալի երազանքն ու հստակ քայլերով շարժվեք դեպի այն:
9. Սովորեք Ինքներդ Ձեզ ներել
Հաջողությունն ավելի շուտ է գալիս նրանց մոտ, ովքեր կարողանում են ներել իրենք իրենց ու դասեր են քաղում սեփական սխալներից: