Բնակիչները բողոքում են՝ գիշերային ակումից լսվող ձայներն արդեն զզվեցրել են
ОбществоԳեղեցիկ, խենթացնող աղջիկներ, կիսամերկ մարմիններ, մթնոլորտին համահունչ երաժշտություն, կիրք, էրոտիկա… Այս ամենը կարելի է տեսնել Բագրևանդ փողոցի բնակելի տներին գրեթե կպած գիշերային ակումբում՝ «Դիվայում»: Թե ինչ է կատարվում ակումբի ներսում, իհարկե, տնօրինոթյան խնդիրն է, սակայն հետաքրքիր է իմանալ, ինչ են զգում եւ ինչերի են ականատես լինում տեղի բնակիչները, հատկապես կանայք եւ երեխաները:
Պարզվում է, տղամարդկանց գեղագիտական եւ տարատեսակ այլ հաճույքները բավարարվում են տեղի բնակիչների նյարդերի եւ առողջության հաշվին, ինչի հետ կապված էլ Orer.am-ն անցկացրեց լրագրողական հետաքննության առաջին փուլը: Բնակիչներից Վահրամը զրույցի ժամանակ պատմեց, որ մինչ գիշերային ակումբ դառնալը տվյալ շենքը ծառայում էր «Միլիոն» խաղատանը: Մինչ բուն խնդրին անդրադառնալը բնակիչն առաջ քաշեց իրեն հուզող հարցերից ամենակարեւորից մեկը: «Խաղատունը փակելու ժամանակ տնօրինությունը դեպի բնակելի տներ տանող հատվածում «լյուկ» սարքեց, դա էլ դեռ քիչ էր, վրան հող լցրեցին ու բարձրացրեցին, որը խանգարում է երթեւեկությանը: Դա իրենց ակումբի կանալիզացիոն «լյուկն» է, որը պետք է ասֆալտին հավասար դնեին, բայց պանելներ են դրել ու բարձրացրել, թե ինչու, չգիտենք: Մենք մի քանի անգամ դիմել ենք տնօրինությանը, բայց ապարդյուն, արդեն մոտ երեք տարի է՝ նույն վիճակն է: Ինչ վերաբերում է ձայներին եւ երաժշտությանը, ասեմ, հատկապես երբ պատուհանները բաց են, երաժշտությունը շատ բարձր է, տանը նստել պարզապես չի լինում»,- նշեց Վահրամը, որի խոսքն էլ հիմնավորեց հարևանությամբ ապրող մեկ այլ բնակիչ՝ Մարատը: «
Եթե ճիշտը խոսենք, հիմա ցուրտ է, պատուհանները փակում ենք, ձայներն այդքան չեն լսվում, իսկ ամռանը, երբ պատուհանները բաց են, երաժշտությունը, իհարկե, լսվում է, այն էլ ինչ ձեւով»,- ասում է տղամարդը: Փաստորեն, բնակիչների անդորրը խանգարելուց բացի, գիշերային ակումբի տնօրինությունն իր չիներից վեր է համարում հաշվի նստել տարածքում ապրող մարդկանց կարծիքների հետ՝ կարգի բերելով երթեւեկությանը խանգարող ճանապարհը: Թեև, ինչ խոսք, տնօրինությանն էլ կարելի է հասկանալ՝ վերջին հաշվով ո՞րն անեն՝ տղամարդկանց հաճույքները բավարարելու նորանոր մեթոդներ հնարեն, թե անշառ բնակիչների կողմից բարձրացվող հարցերը լուծեն:
Ինչեւէ, կրկին վերադառնալով բուն խնդրին, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ակումբին հարակից տներում բնակվող կանայք, ովքեր խնդրեցին չհրապարակել իրենց անունները, մեծ դժգոհություն եւ մտավախություն էին հայտնում՝ կապված երեխաների հետ: Ծնողները կարծում են, որ գիշերային ակումբը բավական մոտ է բնակելի շենքերին, որտեղից լսվող երաժշտությունը ոչ միայն խանգարում է, այլեւ ինչ-որ տեղ նաեւ հետաքրքրություն առաջացնում երեխաների մոտ: Կանայք նաեւ անհանգստություն հայտնեցին՝ կապված ակումբից դուրս եկող տղամարդկանց վարքագծի հետ՝ ասելով, թե երեկոյան ուշ ժամերին, հատկապես ամռանն անչափահասները չեն կարող դուրս գալ տան տարածքից, քանի որ Աստված գիտե, թե ինչերի են ընդունակ կանացի բարեմասնություններից գրգռված ու հաճախ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդիկ:
Նկատենք, որ բնակիչների անհանգստությունը տեղին է, իսկ պահանջներն էլ արդարացի, քանի որ նրանք պահանջում են հարգել օրենքը: Ի գիտություն ակումբի տնօրինության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 180-ի -1-ին կետում, այն էլ լռությունը խախտելը, հստակ սահմանվում է. «Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը, առաջացնում են նախազգուշացում»:
Նշենք, որ նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով: Թե քանի անգամ է տուգանվել նշված ակումբի տնօրինությունն իհարկե դժվար է պատկերացնել, սակայն մեկ բան ակնհայտ է՝ տարածքի բնակիչներն արդեն զզվել են գիշերային կայֆեր-կայծերի ականատես լինելուց, մարդիկ ցանկանում են հանգիստ ապրել:
Հոդվածի շարունակությունը՝ հաջորդիվ:
Իրինա Ստեփանյան