Տուլայում ավտոբուսի վթարից տուժածներին կտրամադրվի դրամական փոխհատուցում
ОбществоՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ըստ նախագծի, նախատեսվում է վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին կտրամադրվի 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։
Հանձնաժողովի հերթական նիստում նշվել է, որ որոշման նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի Կառավարության առաջիկա նիստում։ Գումարը տուժածներին կտրամադրվի Կառավարության որոշման հաստատումից հետո։
Հանձնաժողովի նիստում ներկայացվել է իրականացված աշխատանքների և բուժումը շարունակող հիվանդների վիճակի մասին տեղեկություն: