Ֆիլհարմոնիկը Գերմանիայում և Լեհաստանում հյուրախաղեր կունենա
КультураՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նոյեմբերի 28-ին սկսում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում վերջին հյուրախաղային համերգների շարքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նվագախմբի մամուլի ծառայությունից, առաջին համերգը կանցկացվի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 29-ին, այնուհետև նվագախումբը երկու համերգով դեկտեմբերի 2-ին և 3-ին հանդես կգա Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում:
Որպես մենակատարներ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դաշնակահարուհի Սոֆիա Պաչինին: Լեհ և գերմանացի ունկնդրին կներկայացվեն Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, Չայկովսկու թիվ 1 և թիվ 6 սիմֆոնիաները, Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական Կապրիչիոն»: Համերգները կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հյուրախաղերում կատարվելիք համերգային ծրագիրը Երևանում կներկայացվի նոյեմբերի 26-ին: