«Հրանտ Մաթևոսյան» ամենամյա մրցանակը ստացավ գրականագետ Ժենյա Քալանթարյանը
Культура«Հրանտ Մաթևոսյան» ամենամյա մրցանակն այս տարի հանձնվեց գրականագետ, Հայաստանի գրողների միության անդամ Ժենյա Քալանթարյանին: Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվեց Գրողների միությունում նոյեմբերի 10-ին:
«Մրցանակն արդեն 10-րդ տարին շնորհվում է արձակագիրներին ու գրականագետներին: Այն հանձնվել է Լևոն Խեչոյանին, Վահագն Գրիգորյանին, Ռուբեն Հովսեփյանին և այլոց: Այս տարի մրցանակի է արժանացել բազմահմուտ գրականագետ Ժենյա Քալանթարյանը: Այն Ժենյա Քալանթարյանին է հանձնվել «Հրանտ Մաթևոսյանի «Տաշքենդ» վիպակը.տիպաբանական զուգահեռներ» հետազոտության համար»,- շեշտեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա տեղեկացրեց, որ մրցանակից բացի գրականագետը կստ անա 1000 ԱՄՆ դոլարին համարժեք պարգև:
Ժենյա Քալանթարյանը նշեց, որ մրցանակ ստանալն իր համար հաճելի անակնկալ էր:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ներկայացրել են այս մրցանակին` Հայաստանի գրողների միությանը, Մաթևոսյան ընտանիքին: Հրանտ Մաթևոսյանն այն եզակիներից է, որ կարողացավ իր ապրած ժամանակը գրով հավերժացնել: Մաթևոսյանի ստեղծագործության հետ աշխատելը մեծ հաճույք է»,-նշեց գրականագետը` ընդգծելով, որ Մաթևոսյանի վաստակը պետք է ստանա առավել լայն ճանաչում:
Հրանտ Մաթևոսյանի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային- բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը տեղեկացրեց, որ մրցանակը սահմանվել է Մաթևոսյանի ընտանիքի և հիմնադրամի միջնորդությամբ, որն ուղղված էր ՀՀ կառավարությանը:
«Ամեն տարի մրցանակը տրամադրվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային- բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ՀԳՄ վարչության համատեղ քննարկման և որոշման արդյունքում»,-ընդգծեց Դավիթ Մաթևոսյանը:
Հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում:
1958-62 թվականներին աշխատել է որպես սրբագրիչ «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Ստեղծագործությունները թարգմանվել և լույս են տեսել մի շարք լեզուներով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում:
Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: 2004 -ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց: